Մոսկվան դատապարտում է Իրանում աղջիկների դպրոցին Իսրայելի հասցրած հարվածը

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում անթույլատրելի են անվանել քաղաքացիական օբյեկտների վրա ցանկացած հարձակում ՝ լինի դա Իրանում, թե արաբական երկրներում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ-ն մտահոգված է Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի հետևանքով ստեղծված զինված դիմակայության տարածմամբ ողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում:
«Ակնհայտ դարձավ, որ բացի ԻԻՀ-ում իշխանափոխությունից՝ ամենաանմաքուր միջոցների օգտագործմամբ, ինչպիսիք են ինքնիշխան պետության ղեկավարության սպանությունը, Վաշինգտոնն ու Թել Ավիվը փորձում են հրահրել Իրանի և արաբ հարևանների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողումը»,-ասված է Իրանի շուրջ իրավիճակի զարգացման վերաբերյալ հայտարարության մեջ:
Մոսկվան հանդես է եկել բոլոր կողմերի կողմից ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման և, որպես անվերապահ առաջնահերթություն, տարածաշրջանի բոլոր երկրներում խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների անվտանգության ապահովմանն ուղղված սպառիչ միջոցների ընդունման օգտին:
«Վճռական դատապարտման է արժանի Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների դպրոցին հասցված հարվածը, որի հետևանքով զոհվել են տասնյակ անմեղ երեխաներ: Ցանկացած հարձակում քաղաքացիական օբյեկտների վրա՝ լինի դա Իրանում, թե արաբական երկրներում, անթույլատրելի է և պետք է լիովին բացառվի»,-նշված է հայտարարության մեջ:
Ռուսաստանի ԱԳՆ-ն կողմերին կրկին հորդորում է հրաժարվել առկա տարաձայնությունների լուծման ուժային մեթոդներից և անցնել հարցերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանը՝ տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության օրինական շահերի ապահովմամբ:
Փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելյան ռմբակոծությունից ավերվել է Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցը։ Զոհվել է 170 երեխա ու աշխատակից։
Նույն օրը սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: