ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը պնդում է, որ դատախազության պահանջած գույքի գերակշիռ մասը պատկանում է իր գործարար եղբորն ու նրա ընտանիքին։ Մկրտչյանի հայտարարությունը տարածել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցիցբ բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 1.2 միլիարդ դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
«Առաջին՝ սա դատարանի որոշում չէ և ոչ էլ հաստատված փաստ։ Սա դատախազության ներկայացրած պահանջն է, որը դեռ ենթակա է դատարանում ստուգման։ Հայցը վարույթ ընդունելը դատավարական գործընթացի մեկնարկն է, այլ ոչ թե մեղադրանքների հաստատում։ Երկրորդ՝ ներկայացված նյութերից և պահանջների պարբերաբար փոփոխություններից երևում է, որ իրավասու մարմինն էլ չի կողմնորոշվել՝ ինձնից ինչ է պահանջում»,- նշել է Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ դատախազությունը շուրջ երեք տարի ուսումնասիրություն է կատարել և 2025թ․ դեկտեմբերին որոշում կայացրել իրենից որոշակի թվով բռնագանձման մասին, դրանից մոտ 1 ամիս անց արդեն տասն անգամ ավելի թվով հայց է ներկայացրել դատարան, իսկ այսօր տարածված հաղորդագրության մեջ բոլորովին այլ թիվ է նշված։
«Նշվածը, ինչպես նաև հայցում ուրիշ հակակոռուպցիոն քաղաքացիական գործով այլ անձանց վերագրվող միլիարդավոր դրամի պահանջները մեխանիկական սխալի (սխալ copy-paste) արդյունքում ինձ ներկայացնելը, բավարար է եզրահանգում անելու կատարված ուսումնասիրության հիմնավորվածության մասին»,- կարծում է Մկրտչյանը։
Ինչ վերաբերում է հայտարարության մեջ հիշատակվող ակտիվներին, ապա դրա զգալի մասն իր սեփականությունը չեն և, Մկրտչյանի խոսքով, պատկանում են այլ անձանց, ովքեր զբաղվել են ինքնուրույն և օրինական գործունեությամբ։ Ըստ նրա՝ դեռ 90-ականներին, երբ ինքը ԵՊՀ դասախոս էր, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր ուժ էր, իր հայրն ու եղբայրն արդեն բիզնեսով էին զբաղվում։
Շեշտում է՝ հակակոռուպցիոն օրակարգը շատ կարևոր է, բայց այն պետք է վարվի օրենքի շրջանակում՝ հիմնվելով իրական, ամբողջական և ստուգված տվյալների վրա։