Խամենեիի մահը ոչ թե պառակտել, այլ ավելի համախմբել է երկիրը․ Հայաստանում Իրանի դեսպան

Իրանցի դիվանագետն ընդգծեց՝ թշնամու նպատակը վստահաբար երկիրը պառակտելն էր, սակայն նրանց բոլոր պլանները հօդս են ցնդել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահը ոչ թե պառակտել է երկիրը, այլ ավելի է համախմբել ժողովրդին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին, ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
«Թշնամու ցանկությունը հենց դա էր։ Այս ցնորքները միայն մի պատճառ ունեն՝ Իրանին և իրանի ժողովրդին չեն ճանաչում։ Մեր գերագույն հոգևոր առաջնորդի մահն էլ ավելի համախմբեց ու ամրապնդեց մեզ մեր ազգային նպատակների ճանապարհին։ Մեր ժողովրդի շրջանում էլ կային մարդիկ, որ հավատում էին Թրամփի խոստումներին, սակայն մենք տեսանք, որ դրանց հետևանքը եղան մարդկային կորուստներն ու ավերածությունները»,- ասաց դեսպանը։
Նա անդրադարձավ նաև Իրանի վերջին շահի որդուն՝ 65-ամյա Ռեզա Փահլավիին, ով ապրում է ԱՄՆ-ում և հույսը չի կորցնում՝ վերադառնալու Իրան և ղեկավարելու երկիրը։ Նա երեկ գրառում էր արել՝ նշելով, թե իր սիրտը ցավում է ամերիկացի զինվորների զոհվելու կապակցությամբ։ Դեսպանը հիշեցրեց, որ ամերիկա-իսրայելական հարձակման հետևանքով 100-ից ավելի երեխաներ են զոհվել, և այլ մեկնաբանություն չարեց։
Հիշեցնենք` չնայած փետրվարի վերջին օրերին Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Պաշտոնական տվյալներով՝ Իրանում զոհվել է ավելի քան 550 մարդ։