Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին․ դեսպան

Իրանցի դիվանագետն ընդգծեց, որ պաշտոնական Երևանի և Թեհրանի միջև վստահություն կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Այս պատերազմում Իրանի թուլացումը կամ պարտությունը վնաս է հասցնելու նաև Հայաստանին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։ Նա ընդգծեց՝ դա ասում է ոչ թե որպես դեսպան, այլ որպես վերլուծաբան։
Իրավիճակն Իրանոււմ

Թեև անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններ կայացան, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյանհարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրիգերագույն հոգևոր առաջնորդայաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:

«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պատմության ընթացքում Հայաստանի նկատմամբ առկա որոշ երկրների նկրտումները, թեև այս պահին կարող ենք ասել, որ մոխիրների տակ թաքնված կրակների նման են, սակայն դեռ առկա են։ Մեր սրտի ցանկությունն է, որ Հայաստանը լինի ուժեղ պետություն։ Աստված մեզ օգնական՝ այս պատերազմում Իրանը պարտություն չկրի, և Հայաստանն էլ դրա հետևանքով վնաս չկրի»,- ասաց ՀՀ–ում Իրանի դեսպանը։
Շիրղոլամին շեշտեց՝ այս տարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը շահեկան է բոլորի համար։ Նա հույս հայտնեց, որ Հարավային Կովկասում խաղաղությունը կպահպանվի։ Ինչ վերաբերում է TRIPP-ին, դեսպանն ընդծեց՝ այս ուղղությունը, ճանապարհը, որը Հայաստանի համար հաղորդակցային տեսանկյունից, հնարավոր է, նոր հնարավորություններ ստեղծի, չպետք է օտարների ձեռքում գործիք դառնա Իրանի դեմ։
«Հայաստանի իշխանությունները մեզ վստահեցրել են, որ այս ճանապարհը ռազմական իմաստ չի ստանալու, և Հայաստանի ինքնիշխանությունն այս ուղու վրա կպահպանվի։ Մենք չենք ցանկանում այս պահին մտնել այդ գուշակությունների մեջ, թե արդյոք ԱՄՆ-ն ունի նման ծրագրեր, թե ոչ։ Մեր և Հայաստանի միջև վստահություն կա»,- շեշտեց դեսպանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։