ԵՐԵՎԱՆ, 2 մարտի - Sputnik. Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում. չի կարելի բացառել, որ կարող է տեղի ունենալ ծանր հետևանքներով ռադիոակտիվ արտանետում։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին ասվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հայտարարության մեջ, որը նա տարածել է Իրանի հետ կապված իրավիճակի ֆոնին։
«Միջուկային օբյեկտների վրա զինված հարձակումներ երբեք չպետք է իրականացվեն, քանի որ դա կարող է հանգեցնել ռադիոակտիվ նյութերի արտանետումների՝ շրջակա միջավայրի համար ծանր հետևանքներով»,- ասել է Գրոսին։
Նա հավելել է, որ Իրանի և Մերձավոր Արևելքի այլ երկրների մոտ, որոնք ենթարկվել են հարձակումների, գործող ԱԷԿ-ների և հետազոտական ռեակտորների առկայությունը մեծացնում է միջուկային անվտանգության ռիսկերը:
Գրոսիի խոսքով` ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է մասնակցել և իր դերակատարումն ուենալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ հնարավոր բանակցություններում։
Նա վստահ է, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ վաղեմի վեճի կայուն լուծումը հնարավոր է միայն բանակցությունների սեղանի շուրջ։ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կոչ է արել վերադառնալ դիվանագիտությանը և բանակցություններին՝ երկարաժամկետ երաշխիքների հասնելու համար, որ Իրանը միջուկային զենք ձեռք չբերի:
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից, սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: