Հայ-իրանական սահմանին փախստականների հոսք չկա․ դեսպան Շիրղոլամի

Դեսպանի խոսքով՝ երեկ և այսօր կազմակերպվել է մի քանի տասնյակ իրանցիների վերադարձը Երևանից հայրենիք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ Հայ-իրանական սահմանին, այսպես կոչված, փախստականների հոսք չենք արձանագրել։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամին։
Նրա խոսքով՝ համակարգերի խնդիրներով պայմանավորված՝ իրանական երկու սահմանային անցակետեր ժամանակավոր չէին գործում, դրանցից մեկը Հայաստանի հետ սահմանին էր, բայց այսօր առավոտից խնդիրը կարգավորվել է։
«Մեր գլխավոր հյուպատոսը Իրան-Հայաստան սահմանին է, և ես նրան խնդրել էի, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգերը գրեթե 24 ժամ չէին աշխատել, փորձի հասկանալ ինչ շարժ կա, արդյոք կուտակումներ եղել են, թե ոչ։ Նա ինձ վստահեցրեց, որ կուտակումներ չեն եղել։ Սահմանում սպասման մեջ էին 35-40 քաղաքացի, որոնք բոլորն էլ միջազգային տոմսեր ունեին, և թռիչքները պետք է Երևանից տեղի ունենային։ Կա նաև գործընթացի հակառակ տարբերակը․ մեր քաղաքացիներից շատերն ընտրում են տուն վերադառնալու ճանապարհը՝ ավիաթռիչքով հասնում են Երևան, այստեղից էլ ցամաքային ճանապարհով՝ Իրան»,- ասաց դեսպանը։
Նրա խոսքով՝ երեկ շուրջ 2 տասնյակ քաղաքացիների վերադարձն արդեն կազմակերպել են, այսօր ևս 15 քաղաքացի կուղևորվեն հայրենիք։
Դեսպանը նշեց՝ Թեհրանի քաղաքացիների շրջանում գրանցվում են դեպքեր, երբ մարդիկ տեղափոխվում են հարավային բնակավայրեր, որտեղ ավելի ապահով է։ Շեշտեց՝ Իրանն ընդարձակ երկիր է՝ անհրաժեշտ ներուժով, և ճգնաժամային իրավիճակներում բնակչության կյանքն ու շարժը կանոնակարգելու համար հնարավորություններ ունի։
Հիշեցնենք` չնայած անցած շաբաթ Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: