ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik․ IVF LIFE վերարտադրողական առողջության կենտրոնի բուժական գծով տնօրեն, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը, որը բողոքում էր առողջության համընդհանուր ապահովագրության համակարգից, իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում Գրիգորյանը բացատրել է իր համար այդ ծանր որոշման դրդապատճառները։
Հայտնել էինք, որ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկներն աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր, որը նրանց ստիպել էր բողոքի ակցիա իրականացնել Ազգային ժողովի մոտ։ Նրանք նշել էին, որ հիվանդանոցային բլոկի աշխատողները ստացել են շուրջ 30 տոկոսով ցածր աշխատավարձեր, իսկ պոլիկլինիկաներում՝ երբեմն 2-3 անգամ ցածր։ Բողոքողների թվում էր նաև Գևորգ Գրիգորյանը։
«Այս որոշումը կայացնելու հարցում իմ վրա որևէ մեկը ճնշում չի գործադրել, իմ պայմանավորվածությունը բուժկենտրոնի սեփականատիրոջ հետ է եղել։ Բայց ես չեմ բացառում, որ նույնիսկ առանց զանգի, առանց որևէ նախազգուշացման, հնարավոր է` լինեին նման քայլեր։ Իմ այս որոշումը կարող է մասնակիորեն երաշխավորել մեր ստեղծած կլինիկայի անվտանգությունը։ Բացի այդ, ես ուզում եմ, որ իմ քայլն ակնառու օրինակ լինի այն բուժաշխատողների համար, ովքեր լռում են այս իրավիճակում։ Թող գիտակցեն, որ առողջապահական ոլորտում որևէ պաշտոն, դիրք կամ գումար ի զորու չէ փոխարինել բուժաշխատողի արժանապատվությունը և արժանավայել աշխատանքի իրավունքը»,–ասաց Գրիգորյանը։
Նա վստահեցնում է` իր պայքարն այսքանով չի ավարտվելու։ Այժմ, երբ աշխատանքից ազատվել է և կունենա համեմատաբար ավելի շատ ժամանակ, կարող է այս պայքարը ավելի հեռու տանել։ Գրիգորյանը կպայքարի ոչ միայն բուժաշխատողների աշխատավարձի համար, այլև ռողջապահական ոլորտը կարգի հրավիրելու։ Նա մտադիր է այս պայքարը ստանձնած մյուս բուժաշխատողնրի հետ Ազգային ժողովում լսումներ և քննարկումներ կազմակերպել։ Այժմ Ազգային ժողովից պատասխանի են սպասում։ Հարցին, թե հնարավո՞ր է` պայքարի դուրս եկած մյուս բուժաշխատողներն էլ ազատվեն պաշտոններից, Գրիգորյանը պատասխանեց, որ չի բացառում դա` ընդգծելով, որ իր կոլեգաների համար ամուր թիկունք կարող է ապահովել թե՛ իրավաբանական օգնության, թե՛ հետագայում այլ աջակցության մասով։
«Ես որևէ բան չեմ կարող բացառել գործող վարչախմբի իշխանության ժամանակահատվածում, որովհետև այն ամենը, ինչ մենք տարիներով մտքներովս չէինք անցկացրել, այսօր դառը իրականություն է։ Եթե բուժաշխատողին կարող են պարտադրել ամսական 30–40 000 դրամ աշխատավարձով սպասարկել 100-ավոր պացիենտների, դա ապահովագրության համակարգ չէ, ստրկամտություն է։ Ուզում են` բուժաշխատողը մի փոր հացի համար ստանձնի մեծ պատասխանատվություն և ահռելի աշխատանք։ Ավելի լավ է բուժաշխատողն անվճար աշխատի, գոնե կարդարացնի իրեն, որ բարեգործություն է անում, քան աշխատի կոպեկներով, ենթարկվի ադմինիստրատիվ ճնշման և սպասարկի պացիենտների հսկայական բանակի, ովքեր գալու են ու պահանջեն այդ կոպեկների դիմաց ինչ–որ բան անել»,– ասաց Գրիգորյանը։
Նրա խոսքով` եթե նախարարությունը պատրաստ է բուժաշխատողների հետ մտնել «մարտի դաշտ», իրենք այդ մարտահրավերը ընդունում են։
«Նույնիսկ եթե միայնակ բուժաշխատող մնամ, թե՛ բուժաշխատողների աչքերն են բացվելու, թե՛ մեր բնակչության աչքերն են բացվելու, որ բոլորը հասկանան, թե գործող իշխանությունն ինչու է այս համակարգը ներդրել»,–ասաց նա։
Գրիգորյանը հավելեց, որ թեև դադարեցրել է IVF LIFE կլինիկայում իր գործունեությունը, սակայն քաղիրավական պայմանագրով համագործակցում է այլ կլինիկաների հետ և շարունակելու է պացիենտների ընդունելությունը։
Բժիշկը հույս ունի, որ Հայաստանը մի օր կունենա այնպիսի առողջապահության համակարգ, որտեղ բուժաշխատողները ոչ թե զբաղված կլինեն ադմինիստրատիվ աշխատանքով, այլ կզբաղվեն գիտությամբ, բժշկությամբ և մարդկանց օգնելով։
Հավելենք, որ ԱԺ–ի դիմաց անցկացված բողքի ընթացքում, բուժաշխատողները նշել էին, որ եղել են դեպքեր, երբ իրենք ապահովագրության շրջանակում 19-50 հազար դրամ աշխատավարձ են ստացել։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։ 200–500 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները այս փաթեթի համար ամսական կվճարեն 300 դրամ, քանի որ «Զինապահ» հիմնադրամին ամսական ուղղվելիք նրանց գումարի զգալի մասը կուղղվի ապահովագրական համակարգ։