ԵՐԵՎԱՆ, 1 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների հետևանքով զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
«Փետրվարի 28-ին և մարտի 1-ին (13:30-ի դրությամբ) ստացել է շուրջ չորս տասնյակ զանգ, հարցերը հիմնականում վերաբերվել են չվերթների վերականգնման կամ Հայաստան տարհանման կամ վերադառնալու այլ հնարավորություններին։ ԱՄԷ-ում դեսպանությունը օպերատիվ կապի մեջ է նաև ԱՄԷ-ում կրթություն ստացող 92 հայ ուսանողի հետ՝ տրամադրելով անհրաժեշտ ցուցումներ ու խորհրդատվություն: Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար»,- ասված է հաղորդագրությունում:
ԱԳՆ-ից նաև հայտնում են, որ Մերձավոր Արևելքի երկրներում, մասնավորապես Արաբական Միացյալ Էմիրություններում (համատեղության կարգով՝ Բահրեյն, Սաուդյան Արաբիա), Քուվեյթում (համատեղության կարգով՝ Հորդանան), Կատար, Օմանում և Իրաքում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկներն աշխատում են շուրջօրյա արտակարգ ռեժիմով։
Հայաստանյան դիվանագիտական գերատեսչությունը կապ է պահպանում համապատասխան ավիաընկերությունների (այդ թվում՝ FlyDubai, Air Arabia, Qatar Airways) հետ՝ իրավիճակի շուրջ օպերատիվ տեղեկատվություն ստանալու, թռիչքների մեջ ՀՀ քաղաքացիներ լինելու, պայմանները պարզելու և ըստ անհրաժեշտության լրացուցիչ աշխատանքներ տանելու նպատակով:
Որոշ դեպքերում ավիաընկերությունների կողմից առաջարկվում են թռիչքների փոփոխման տարբերակներ, իսկ Աբու Դաբիի մշակույթի և զբոսաշրջության տնօրինությունը հայտարարել է, որ իրենք պատրաստ են վճարել Աբու Դաբիում գտնվող բոլոր զբոսաշրջիկների հարկադիր երկարաձգված մնալու ծախսերը։
Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները և հյուպատոսական բաժիները ևս շարունակում են իրենց գործունեությունը։ ՀՀ քաղաքացիների կողմից դիմումների մեծ թիվ չի գրանցվել։ Իրանի պարագայում երբեմն առկա են կապի խնդիրներ։ ՀՀ դեսպանությունը կապի մեջ է նաև այլ երկրների համապատասխան գործընկերների հետ՝ ըստ անհրաժեշտության ՀՀ տարածքով տարհանման հարցում աջակցություն ցուցաբերելու համար:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: