ՅՈՒՆԻՍԵՖ-ն Իրանում դպրոցի վրա հարձակումը միջազգային իրավունքի խախտում է անվանել

Ավելի վաղ իրանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Իրանի հարավում աղջիկների տարրական դպրոցի զոհված աշակերտների թիվը հասել է 153-ի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանի Մինաբ քաղաքում աղջիկների տարրական դպրոցի վրա հարձակումը, որտեղ 153 մարդ է զոհվել, պետք է դիտարկել որպես միջազգային իրավունքի խախտում, հայտարարել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) գերմանական կոմիտեն:
Ավելի վաղ Mizan գործակալությունը, վկայակոչելով տեղական իշխանություններին, հայտնել էր, որ Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Մինաբ շրջանի վրա հարձակման հետևանքով աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի զոհված աշակերտների թիվը հասել է 153-ի, տուժածներինը՝ 95-ի:
«Խաղաղ բնակիչների և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են», – ասվում է կոմիտեի հայտարարության մեջ, որը հրապարակվել է դրա պաշտոնական կայքում:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մտահոգություն է հայտնել Իրանում և տարածաշրջանում երեխաների համար լուրջ վտանգ ներկայացնող հարձակումների մասին ստացվող հաղորդագրությունների կապակցությամբ:
«Հաղորդագրությունների համաձայն՝ տասնյակ աշակերտուհիներ են սպանվել, շատերը վիրավորվել են», – նշվում է հայտարարության մեջ:
Այս կապակցությամբ ՅՈՒՆԻՍԵՖ-ը կողմերին կոչ է արել ցուցաբերել առավելագույն զսպվածություն և պահպանել իրենց պարտավորությունները միջազգային իրավունքի շրջանակներում: