Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել Խամենեիի մահվան հաստատումից հետո

Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ Խամենեին սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրաքը եռօրյա սուգ է հայտարարել Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան հաստատումից հետո: Այս մասին հայտնում է իրաքյան INA լրատվական գործակալությունը։
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։ Իրանում 40-օրյա սուգ է հայտարարվել։
«Իրաքի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարել ամբողջ երկրում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Խամենեիի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել Իրաքի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Բասեմ Ալ-Ավադին:
«Ցավակցում ենք Իրանի գերագույն առաջնորդ պարոն Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ։ Իրանի ժողովրդին ծառայելու նրա ուղին ավարտվել է մարդու նահատակությամբ, որը հավատարիմ է մնացել իր սկզբունքներին և պաշտպանել ազգը անարդարության և ճնշման պայմաններում», – հայտարարել է նա։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: