Իրանը վրեժ կլուծի Խամենեիի համար, նրա գործը կշարունակվի. Փեզեշքիան

Մասուդ Փեզեշքիանը ցավակցություն է հայտնել Ալի Խամենեիի մահվան կապակցությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը խոստացել է վրեժ լուծել գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահվան համար՝ նշելով, որ Թեհրանը դա իր օրինական իրավունք է համարում:
«Իրանն իր պարտքն ու օրինական իրավունքն է համարում վրեժխնդիր լինել (մեղավորներին) այդ պատմական հանցագործության համար և մտադիր է օգտագործել բոլոր հնարավորությունները այդ մեծ պարտավորությունը կատարելու համար», – ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ, որը տարածել է նրա մամուլի ծառայությունը:
Նա նաև ցավակցություն է հայտնել Խամենեիի մահվան կապակցությամբ՝ հայտարարելով, որ «այդ մեծ մարդու գործը կշարունակվի»:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: