Իրանից Ռուսաստան հնարավոր է վերադառնալ Հայաստանով․ ՌԴ դեսպանատուն

Այս պահին հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ-Ագարակ սահմանային անցակետը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարում է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակի էսկալացիայի պատճառով ՌԴ քաղաքացիները կարող են Իրանից Ռուսաստան վերադառնալ Հայաստանի տարածքով:
Նշվում է, որ այս պահին հայ-իրանական սահմանին շուրջօրյա ռեժիմով շարունակում է գործել Նուրդուզ-Ագարակ սահմանային անցակետը:
«Իրանի և Հայաստանի միջև սահմանը բաց է Ռուսաստանի քաղաքացիների համար․ անցումն ազատ է վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով։ Նախնական ծանուցումներ չեն պահանջվում: Սահմանը հատելուց հետո խորհուրդ ենք տալիս մեկնել Երևան կամ Գյումրի, որոնք ուղիղ օդային կապ ունեն ռուսական քաղաքների հետ», – ասվում է Ռուսաստանի դիվանագիտական առաքելության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հետ կարելի է կապվել հետևյալ հեռախոսահամարով ՝ +374 (10) 589 843, ինչպես նաև էլեկտրոնային փոստով՝ consarmenia@mid.ru։ Քաղաքացիների կյանքին և առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակների դեպքում կապի համար հասանելի է դեսպանության արտակարգ հեռախոսահամարը՝ +374 (77) 495 001:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: