ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. Իրանը հաստատում է, որ Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին զոհվել են, հաղորդում է իրանական IRNA պետական գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանք կարող էին սպանվել Իրանի դեմ ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով:
Գործակալությունը հրապարակել է չորս ազգանուններից բաղկացած ցուցակ, որում հիշատակված են Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը, ինչպես նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Մոհամմադ Փաքփուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, որոնց մահվան մասին հաղորդվել էր ավելի վաղ:
Իշխանությունները հաստատել են նաև Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի մահը, որը Իրանի զինված ուժերի գլխավոր հրամանատարն էր:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: