Հարվածներն Իրանին ու երկրի ղեկավարի սպանությունն անընդունելի են. Չինաստանի ԱԳ նախարար

Չինաստանի ԱԳ նախարարը մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող իրադարձությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի — Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ անընդունելի են, ինչպես նաև ինքնիշխան պետության ղեկավարի սպանությունը, հայտարարել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում:
Ավելի վաղ Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել էր ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ ռահբարը սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում: Խամենեիից բացի, զոհվել են նրա ընտանիքի չորս անդամներ, այդ թվում՝ դուստրը։
«ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներն Իրանին ամերիկա-իրանական բանակցությունների ժամանակ անընդունելի են, ինքնիշխան պետության առաջնորդի աղաղակող սպանությունը և իշխանափոխության հրահրումը նույնպես անընդունելի են», - հայտարարել է Վան Ին, հաղորդում է ՉԺՀ ԱԳՆ-ն:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Բացի երկրի գերագույն առաջնորդից՝ սպանվել են նաև պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը, ԻՀՊԿ գլխավոր հրամանատարը, պաշտպանության հարցերով խորհրդի ղեկավարը: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: