Դեռ կտեսնենք անկանխատեսելի աշխարհագրությամբ պատերազմ. փորձագետը՝ Իրանի շուրջ վիճակի մասին

Արևելագետը կարծում է, որ Հայաստանի համար, Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, և՛ հումանիտար, և՛ լոգիստիկ խնդիրներ են լինելու:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակն Իրանում վարչակարգի փոփոխությունն է, ուստի դեռ հնարավոր են անկանխատեսելի աշխարհագրությամբ պատերազմ և անկանխատեսելի հետևանքներ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Իրանում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին հատկապես հոգևոր առաջնորդի սպանության ֆոնին:
Իրանի պետական հեռուստատեսությունը հաստատել է ԱՄՆ-Իսրայել հարձակման հետևանքով երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահվան մասին տեղեկությունը: Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ նա սպանվել է փետրվարի 28-ի առավոտյան իր գրասենյակում:
«Կողմերից յուրաքանչյուրը գնում է իր համար վերջնարդյունքների հետևից: Միացյալ Նահանգների և Իսրայելի նպատակը վարչակարգի փոփոխությունն է, հետևաբար մենք դեռ ականատես ենք լինելու պատերազմական գործողությունների անկանխատեսելի աշխարհագրությամբ, անկանխատեսելի հետևանքներով, ինչպես նաև անկանխատեսելի ժամանակահատվածով: Մյուս կողմից, եթե Իրանի համար վերջնանպատակը վարչակարգի պահպանումն է, ապա այն գործելու է այնքան, որքան դրա հնարավորությունը կլինի: Իրանի հոգևոր առաջնորդի և առանցքային պաշտոնյաների սպանություններն էականորեն թուլացրել է վարչակարգը, բայց վստահաբար իրանական կողմը պատրաստվել էր այս ամենին դեռ 2025 թվականի հուլիսյան պատերազմից հետո: Սա երևում է սպանված պաշտոնյաներին արագ փոխարինելու գործընթացից»,- ասաց Պետրոսյանը:
Արևելագետը նաև վստահեցրեց՝ Իրանում 2025 թվականի վերջին ու 2026 թվականի սկզբին տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին է, որ հենց հիմա կրկին պատերազմ սկսվեց երկրի դեմ: Նրա խոսքով՝ Իսրայելն ու ԱՄՆ-ն ուղիղ ներխուժման ցամաքային գործողության պլաններ չունեն, երկրի ներսում հիմնական գործընթացնեի պատասխանատվությունն էլ թողնում են ժողովրդական-հասարակական տարբեր խմբերի վրա:
Ըստ Պետրոսյանի՝ Իրանում այաթոլլա Ալի Խամենեիի սպանության հետևանքով, հասարակության բևեռացում է տեղի ունենալու՝ գործող վարչախմբի շուրջ և նույն այդ վարչախմբի դեմ: Միևնույն ժամանակ շեշտեց՝ քանի դեռ ակտիվ ռազմական գործողություններ են, կոնսոլիդացիաներն այն արդյունավետությունը չեն ունենալու, որոնք ուղղված կլինեն երկրի ներսում իրավիճակ փոխելուն:
Արևելագետի պնմդամբ՝ երկրի ներսում առաջիկա օրերին ականատես չենք լինի բովանդակային փոփոխությունների:
Հայաստանի համար ստեղծված իրավիճակում, ըստ Պետրոսյանի, և՛ հումանիտար, և՛ լոգիստիկ խնդիրներ են լինելու, սակայն անվտանգային մարտահրավեր այս պահին չկա: