Իրանի Իսլամական Հանրապետության ողջ տարածքում սգո միջոցառումներ են անցկացվում երկրի գլխավոր հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի մահից հետո։
Ավելի վաղ Իրանի հանրային հեռուստաընկերությունը հաստատել էր երկրի վրա ամերիկա-իսրայելական հարձակումից հետո Խամենիի զոհվելու մասին լուրը։ Tasnim գործակալության տվյալներով՝ Խամենեին սպանվել է իր գրասենյակում, փետրվարի 28-ի առավոտյան։ Fars գործակալությունն էլ հայտնել է, որ բացի Իրանի հոգևոր առաջնորդից, զոհվել են նաև նրա ընտանիքի 4 անդամ, այդ թվում դուստրը։
Իրանի մզկիթներում սգո դրոշներ են բարձրացվել՝ այաթոլլայի սպանության մասին լուրից հետո։
Զանգվածային ակցիաների ընթացքում իրանցիները կոչ են անում վրեժ լուծել իրենց հոգևոր առաջնորդի մահվան համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: