ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հրատապ նիստը՝ կապված Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման հետ, նախատեսված է փետրվարի 28-ին՝ Նյու Յորքի ժամանակով ժամը 16:00-ին։ Այս մասին հայտնել են ՄԱԿ–ին առընթեր ՌԴ ներկայացուցչությունից:
«Նիստը նախատեսված է այսօր՝ ժամը 16:00-ին (Մոսկվայի ժամանակով՝ մարտի 1-ին` ժամը 00:00-ին. խմբ.)», - ասել են ներկայացուցչությունում:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։