ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Կուտակիչներ (էներգիայի կուտակման սարք) արտադրող հայկական ընկերություններից մեկը համագործակցելու է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հետ՝ օգտագործված էլեկտրական մարտկոցների վերամշակման տեխնոլոգիա զարգացնելու նպատակով։ Նախատեսվում է, որ մի քանի տարվա ընթացքում այս տեխնոլոգիան կհասնի կիրառական փուլին՝ հնարավորություն տալով սպասարկել Հայաստան ներմուծվող էլեկտրամոբիլների մարտկոցները, որոնք աստիճանաբար դուրս կգան շահագործումից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց «Արեգա Էներջի» ընկերության տնօրեն Կարեն Ներսիսյանը՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության տարեկան համաժողովի ընթացքում։
«Պոլիտեխնիկում արդեն բացվել է այդ խնդիրներն ուսումնասիրող լաբորատորիա, և մենք նախատեսում ենք ակտիվորեն աջակցել այդ նախաձեռնությանը»,– նշեց Ներսիսյանը։
Ընկերությունը, որը հանդիսանում է «EcoVille Holding»-ի դուստր ձեռնարկություն, 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զինծառայողների կարիքների համար սկսել է մարտկոցների արտադրություն։ Հետագայում այդ գործունեությունը վերածվել է կանոնավոր արտադրության։ Այսօր ընկերությունն արտադրում է լիթիում-իոնային մարտկոցային համակարգեր՝ մինչև 15 կՎտ/ժ հզորությամբ տնային տնտեսությունների համար և մինչև 260 կՎտ/ժ՝ կոմերցիոն հատվածի համար։
Էլեկտրամոբիլների մարտկոցների շուկայում պահանջարկը դեռևս սահմանափակ է, սակայն էլեկտրական սկուտերների դեպքում, ըստ Ներսիսյանի, արդեն հնարավոր է փոխարինել հնացած գործարանային մարտկոցները տեղական արտադրանքով։
Բացի այդ, ընկերությունը արտադրում է նաև խոշոր էներգակուտակիչ համակարգեր՝ մինչև 5 ՄՎտ/ժ հզորությամբ, որոնք ձեռնարկությունների համար կարող են ծառայել որպես դիզել-գեներատորների այլընտրանք։ Նման համակարգերի վերադարձի ժամկետը ակտիվ օգտագործման դեպքում կարող է հասնել մինչև մեկ տարվա՝ հաշվի առնելով վառելիքի զգալի խնայողությունը և արտանետումների բացակայությունը։
«Մենք կուտակիչները հավաքում ենք առանձին լիթիում-իոնային մարտկոցներից, որոնք ներկրվում են։ Սակայն սարքավորումների նախագծումը, կորպուսների արտադրությունը և կառավարման ծրագրի ներդրումը իրականացվում են Հայաստանում։ Այդ ծրագրի միջոցով օգտատերը կարողանում է հետևել մարտկոցի աշխատանքային վիճակին»,– նշեց Ներսիսյանը։
Ընկերությունը նաև առաջարկ է ներկայացրել կառավարությանը՝ Հայաստանում ստեղծել հոսանքի կուտակիչների ցանց, որը կկարողանա կլանել էլեկտրաէներգիայի ավելցուկը՝ հատկապես ցերեկային ժամերին, երբ արևային կայաններն աշխատում են առավելագույն հզորությամբ։ Այս նախաձեռնության շրջանակում արդեն ընթանում են բանակցություններ միջազգային խոշոր մատակարարների հետ։