ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին չի բացառել, որ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով մի քանի հրամանատար է զոհվել։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, նա այդ մասին ասել է NBC հեռուստաալիքի լրագրող Մեթ Բրեդլիին։
Ավելի վաղ իսրայելական ԶԼՄ–ները հայտնել էին, որ Իսրայելի և ԱՄՆ–ի հարվածների հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Խամենեին և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Իմ տեղեկություններով` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և նախագահ Մասուդ Փեզեշքիանը ողջ են։ Իրանի ղեկավարության գրեթե բոլոր անդամները ողջ են և անվտանգ վայրում։ Մենք, հնարավոր է, մի քանի հրամանատար ենք կորցրել, բայց դա այնքան էլ մեծ խնդիր չէ»,– ասել է նախարարը Արաղչին:
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Պայթյուններ են որոտացել ռազմական և վարչական օբյեկտների մոտակայքում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ լայնածավալ գործողություն է սկսվել։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մտադիր է հողին հավասարեցնել Իրանի հրթիռային ծրագիրը, ոչնչացնել նրա ռազմածովային ուժերը և թույլ չտալ, որ Թեհրանը միջուկային զենք ստեղծի։