ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Աֆղանստանի գրոհը հետ մղելու ընթացքում Պակիստանի բանակը 12 զինվոր է կորցրել։ Այս մասին հայտարարել է բանակի հանրային կապերի ծառայության գլխավոր տնօրեն, գեներալ-լեյտենանտ Ահմեդ Շարիֆ Չաուդրին։
«Այս պահի դրությամբ 12 խիզախ զինվոր է զոհվել՝ պաշտպանելով Պակիստանի տարածքային ամբողջականությունը», - հայտարարել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Չաուդրին հավելել է, որ ևս 27 զինվորական վիրավորվել է, իսկ մի հոգի համարվում է անհետ կորած:
Նշենք, որ անցյալ շաբաթ Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանի Նանգարհար և Պակտիկա նահանգների գավառներին, ինչի հետևանքով, ըստ Աֆղանստանի իշխանությունների հայտարարությունների, զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ:
Այս գիշեր Աֆղանստանի զինված ուժերը հայտարարել են, որ ի պատասխան ռմբակոծությունների՝ Դուրանդի գծի երկայնքով Պակիստանի ուժերի կենտրոնների և օբյեկտների դեմ լայնածավալ հարձակողական ռազմական գործողություններ են սկսել: