«Նոան» զիջեց նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից

Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվար – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ–օֆֆի պատասխան խաղում «Նոան» մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով զիջեց «ԱԶ Ալկմարին» և դուրս մնաց հետագա պայքարից։
Պատասխան հանդիպումը լավ չսկսվեց «Նոայի» համար։ «ԱԶ Ալկմարի» ֆուտբոլիստները արդեն 5–րդ րոպեին Ռո–Զանջելո Դաալի դիպուկ հարվածով բացեցին խաղի հաշիվն ու միևնույն ժամանակ վերականգնեցին հաշվի հավասարությունը դիմակայությունում։ Պարզից էլ պարզ էր, որ դաշտի տերերը խաղի հենց մեկնարկից նետվելու էին առաջ, ու «Նոայի» համար շատ կարևոր էր դիմանալ մեկնարկային ճնշմանը։ Բայց «ԱԶ Ալկմարը», որը սեփական հարկի տակ «չպարտվող» թիմի անուն է վաստակել, իր ուզածին հասավ շատ արագ։ Գնդակին տիրելու տոկոսային հարաբերությունը խոսում էր այն մասին, որ «Նոայի» ֆուտբոլիստները հիմնականում տեղաշարժվում են առանց գնդակի։
Մինչև ընդմիջում հայտարարելը «Նոային» հաջողվեց մի փոքր հավասարեցնել խաղը, չնայած մեր թիմը հիմնականում շարունակում էր մտածել պաշտպանության մասին դիմելով եզակի հակագրոհների։ Եվ նման իրավիճակում խաղի 39–րդ րոպեին ստանդարտի խաղարկումից հետո Սվեն Մեյնանսը երկրորդ գնդակն ուղարկեց «Նոայի» դարպաս։
Մեր թիմին արդեն հարկավոր էր անպայման գոլ խփել, հակառակ դեպքում պարտվում էինք դիմակայունությունում։ Բայց դա անհավանական դարձավ երբ նույն Մեյնանսը խաղի 54–րդ րոպեին հաշիվը դարձրեց 3։0։ Դիմակայությունում հաշիվը դարձավ 3։1 հօգուտ «ԱԶ Ալկմարի», ու չնայած նրան, որ խաղավերջում «Նոան» համեմատաբար ակտիվացավ, հայկական թիմի ֆուտբոլիստներին ոչինչ անել չհաջողվեց։
Դարպասին ընդամենը մեկ հարված կատարելով ու երեք գնդակ ընդունելով սեփական դարպասը` «Նոան» չէր էլ կարող հաղթել այս խաղում։ Իսկ նիդեռլանդական թիմը խաղի հիմնական ժամանակին ավելացված 2–րդ րոպեին հաշիվը դարձրեց 4։0։
Անկախ այս փուլում գրանցված արդյունքից` «Նոան» դարձավ հայկական առաջին թիմը, որը եվրագավաթների խաղարկություններից մեկում առաջին անգամ հանդես եկավ փլեյ–օֆֆում։
Հիշեցնենք` Հայաստանի չեմպիոն «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում Հովհաննես Համբարձումյանի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթել էր նիդեռլանդական «ԱԶ Ալկմարին»։
Տիգրան Բարսեղյանը հեռանում է ֆուտբոլի ազգային հավաքականից