ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը Սումգայիթի ջարդերի 38-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։
«1988 թվականին Ադրբեջանական ԽՍՀ ուժերի կողմից կազմակերպված Սումգայիթի կոտորածների զոհերի հիշատակի այս օրերին մենք հարգանքի տուրք ենք մատուցում սպանված հարյուրավոր հայերի հիշատակին։ Մոտ կես միլիոն մարդ բռնի տեղահանվել է», - ասվում է X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։
ԱԳՆ–ն նշել է, որ հիշողությունը միայն անցյալի մասին մտորելու մասին չէ. այն վերահաստատում է մեր համատեղ պատասխանատվությունը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մերժելու ատելությունն ու ատելության խոսքը բոլոր դրսևորումներով, միաժամանակ անսասան աշխատելով հաշտեցման և երկարատև խաղաղության համար։
Հիշեցնենք` 1988թ. փետրվարի 26–29–ը Բաքվից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունները սկսեցին տեղի հայ բնակչության բնաջնջումը, որն ուղեկցվում էր հայերի ունեցվածքի զանգվածային թալանով և ոչնչացմամբ:
1990թ. հունվարի 13–19–ը հայերի զանգվածային ջարդեր իրականացվեցին արդեն Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում: Փաստերը թաքցնելու և դրանք չբարձրաձայնելու պատճառով հնարավոր չի եղել հաշվել Բաքվում սպանված և ջարդերի հետևանքով մահացած հայերի ստույգ թիվը, սակայն, ըստ տարբեր տվյալների, 1988-1990 թվականներին 500-600 հայ է սպանվել։