Գերմանիայում խստացվել են ապաստանի տրամադրման կանոնները

Ընթացակարգերը կրճատվում են այն անձանց համար, ովքեր նախկինում ապաստան են խնդրել ԵՄ մեկ այլ երկրում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի - Sputnik. Գերմանիայի Բունդեսթագը (ԳԴՀ-ի խորհրդարանը – խմբ.) հավանություն է տվել միգրացիոն քաղաքականության ոլորտում փոփոխությունների փաթեթին, որը ենթադրում է ապաստանի տրամադրման ընթացակարգերի միաժամանակյա խստացում և աշխատանք փնտրողների համար աշխատանքային գործունեության հասանելիության դյուրացում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախաձեռնությանն աջակցել են ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության պատգամավորները: Դեմ են արտահայտվել «Այլընտրանք Գերմանիայի համար», «Կանաչներ» և «Ձախ» կուսակցությունների ներկայացուցիչները: Դրանով իսկ ՔԴՄ/ՔՍՄ և ԳՍԴԿ կառավարող կոալիցիան փաստացի ավարտել է ազգային օրենսդրության մեջ համաեվրոպական բարեփոխման դրույթների ներդրումը, որը ԵՄ մակարդակով հաստատվել էր 2024 թվականին։
Անվերահսկելի միգրացիան վտանգ է ներկայացնում. պատրիարք Կիրիլ
Առանցքային նորամուծությունների թվում են բոլոր ժամանողների պարտադիր նույնականացումը և միջնորդությունների քննարկման արագացված ընթացակարգերի անցկացումը անմիջապես Եվրամիության արտաքին սահմաններին՝ հայտերի հավանության ցածր մակարդակ ունեցող երկրներից եկածների համար: Գերմանիայի դեպքում խոսքը առաջին հերթին միջազգային օդանավակայանների և նավահանգիստների մասին է։ Բացասական որոշման դեպքում դիմողները որոշակի պայմաններում կարող են արտաքսվել անմիջապես այդ կետերից:
Դրանից բացի, ընթացակարգերը կրճատվում են այն անձանց համար, ովքեր նախկինում ապաստան են խնդրել ԵՄ մեկ այլ երկրում: Միաժամանակ ավելանում է այն ժամկետը, որի ընթացքում հնարավոր է նրանց վերադարձը դիմումի քննարկման համար պատասխանատու պետություն։
Փոփոխությունների առանձին մի հատված վերաբերում է զբաղվածությանը։ Նախնական ընդունելության կենտրոններում ապրողները կկարողանան պաշտոնապես աշխատանքի տեղավորվել երկիր ժամանելուց երեք ամիս անց։ Ներկայում այս կատեգորիայի համար փաստացի գործում է աշխատանքի վեցամսյա սահմանափակում: Նրանք, ովքեր ապրում են նման կենտրոններից դուրս, արդեն երեք ամիս անց իրավունք ունեն մուտք գործել աշխատաշուկա: Զբաղվածության դաշնային գործակալությունն իրավունք ունի որոշ դեպքերում բացառություններ անել և թույլտվություններ տրամադրել ժամկետից շուտ:
Թրամփը խոստացել է ընդմիշտ դադարեցնել ներգաղթը երրորդ աշխարհի երկրներից
Ընդդիմադիր ուժերը բարեփոխմանը տարբեր գնահատականներ են տվել։ «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունն առաջարկված միջոցները բավականաչափ կոշտ չի համարել։ Պատգամավոր Մաքսիմիլիան Կրան հայտարարել է. «Այն, ինչ դուք ներկայացնում եք այստեղ, հորինվածք է»:
«Կանաչների» ներկայացուցիչ Լուկաս Բենները, հակառակը, փոփոխությունները որակել է որպես «ապաստանի իրավունքի խոշորագույն խստացում 1993 թվականից ի վեր» և կասկածի տակ է դրել դրանց սահմանադրական հիմնավորվածությունը, հատկապես տեղաշարժի ազատության սահմանափակման մասով: «Ձախ» կուսակցության խմբակցությունում կարծում են, որ բարեփոխումը կհանգեցնի «ավելի մեծ քաոսի, տառապանքի և իրավազրկության»՝ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտի խոստացած կարգուկանոնի փոխարեն:
Վիճակագրությունը ցույց է տալիս 2023 թվականի աշնանից ի վեր ապաստանի առաջնային դիմումների թվի նվազում։ Եթե 2024 թվականին Գերմանիայում գրանցվել է գրեթե 230 հազար նման դիմում, ապա 2025 թվականին դրանց թիվը կրճատվել է մինչև մոտ 113 հազար։ Փորձագետների կարծիքով՝ դինամիկայի վրա ազդել են ԵՄ ներքին սահմաններին վերահսկողության ուժեղացումը, ինչպես նաև Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած քաղաքական փոփոխությունները:
ՌԴ–ում խստացվել են միգրանտների համար նախատեսված քննության պահանջները