ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. Արեգակնային բծերի երկու ակտիվ խմբերը, որոնք վերջերս հայտնվել են Արևի տեսանելի կողմում, չեն կարողացել էականորեն բարձրացնել արեգակնային ակտիվության մակարդակը: Արևը կրկին անցնում է ակտիվության նվազման փուլի։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայից:
Փետրվարի վերջին Արևի վրա վերջին չորս տարվա ընթացքում առաջին անգամ լիովին անհետացել են բոլոր բծերը: Գիտնականների գնահատմամբ՝ ակտիվության նվազման նման ժամանակահատվածները կկրկնվեն, քանի որ աստղը նվազման փուլում է ընթացիկ ցիկլի գագաթնակետից հետո։
«Արևն աստիճանաբար վերադառնում է դեպրեսիայի ելակետային վիճակի, որից նրան չկարողացավ դուրս բերել նույնիսկ միանգամից երկու ակտիվ խմբերի հայտնվելը»,- ասվում է լաբորատորիայի տելեգրամյան ալիքի հաղորդագրության մեջ:
Ակտիվ կենտրոններից մեկը՝ 4366-ը, որը երեք շաբաթ առաջ ռեկորդ էր սահմանել հզոր բռնկումների թվով, ամբողջությամբ կորցրել է էներգիան և գտնվում է քայքայման փուլում: Մասնագետների կանխատեսումներով՝ դրանից մնացած բիծը կկլանվի 5-10 օրվա ընթացքում:
Նոր ակտիվ կենտրոնը՝ 4379–4380-ը, Արևի տեսանելի կողմում հայտնվելիս գրեթե 20 բռնկումներից բաղկացած շարք է առաջացրել, սակայն նույնպես արագ թուլացել է մի քանի օրվա ընթացքում:
Այժմ գեոմագնիսական իրավիճակը պայմանավորված է թույլ գրգռված արեգակնային քամիով: Գեոմագնիսական Kp ինդեքսը չնչին է բարձր և պարբերաբար հասնում է «դեղին» մակարդակի:
2026 թվականի փետրվարի վերջ–մարտի սկիզբ ժամանակահատվածը հավանաբար չի մտնի «Արեգակային ֆիզիկայի պատմության մեջ: Թեև Արևի վրա որոշակի ակտիվություն պահպանվում է, բայց դեռևս նվազագույն մակարդակի չի հասնում»,-նշել են լաբորատորիայում:
Գիտնականների կանխատեսմամբ՝ այսօր բռնկումային ակտիվությունը կմնա ցածր, իսկ գեոմագնիսական իրավիճակը՝ հանգիստ: