Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար․ ի՞նչ վիճակ է ՀՀ ճանապարհներին

Դիլիջանի ոլորտաններում խիտ մառախուղ է, տեսանելիությունը` ցածր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Առատ ձյան և բքի պատճառով Սպիտակի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։ Տեղեկությունը հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Փետրվարի 26-ին՝ ժամը 20:25-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Դիլիջանի, Սպիտակի, Տաշիրի, Անիի, Աշոցքի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վարդենյաց լեռնանցքում թույլ ձյուն է տեղում, իսկ Տավուշի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։ Թալինի, Թումանյանի, Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ Տավուշի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ Դիլիջանի ոլորաններում էլ խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-20 մետր։
Հիմնադրամից հայտնում են, որ ճանապարհներին մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ են իրականացվում` վարորդներին հորդորելով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Հիշեցնենք` ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը հայտնել էր, որ արևմուտքից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` փետրվարի 26-ի ուշ երեկոյան, փետրվարի 27-28-ին Հայաստանի շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։ Փետրվարի 27-28-ին ողջ հանրապետությունում տեղումները կլինեն ձյան տեսքով, առանձին հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի տեսքով: