Սևանա լճի բացարձակ նիշից ցածր հողամասերում 3 ամսում ապամոնտաժվել է 65 շենք–շինություն

Դատախազությունը հանցագործության մասին հաղորդումներ է ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Սևանա լճի ափամերձ տարածքներում՝ բացարձակ նիշից ցածր հողամասերում, դեկտեմբերից մինչ օրս ապամոնտաժվել է ապօրինի կառուցված 65 շենք– շինություն։ Այս մասին հայտնում է դատախազությունը։
Նշվում է, որ 2026 թվականի փետրվարի 24-ին ապամոնտաժվել են 2 քոթեջներ, որոնք կառուցված են եղել հողամասերում, որոնց նկատմամբ կառուցապատողները նույնիսկ վարձակալության իրավունք չեն ունեցել:
«2025 թվականի դեկտեմբերից առ այսօր՝ դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 25 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է տարբեր անձանց կողմից ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 65 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր»,–նշված է հաղորդագրության մեջ:
Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության և Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրությունների արդյունքում, հանցագործության մասին հաղորդումներ են ուղարկվել նախաքննական մարմիններ, նախաձեռնվել են քրեական վարույթներ: