Մոսկվան Բաքվի ուշադրությունը հրավիրել է ՌԴ քաղաքացիներին ազատ արձակելու կարևորության վրա

Զախարովայի խոսքով՝ ադրբեջանական կողմի հետ կա փոխըմբռնում, որ այս թեմայով բարձր մակարդակի երկկողմ շփումները մոտ ժամանակներս կշարունակվեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Մոսկվան Բաքվի ուշադրությունը հրավիրել է Ռուսաստանի քաղաքացիներին շուտափույթ ազատ արձակելու և հայրենիք վերադարձնելու կարևորության վրա: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը՝ կապված «AZAL»-ի ավիաաղետի հետաքննության վերաբերյալ Ռուսաստանի խոստումների կատարման հետ:
«Մենք ադրբեջանցի գործընկերների ուշադրությունը հրավիրում ենք 2025 թվականի հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Բաքվում ձերբակալված ՌԴ քաղաքացիների շուտափույթ ազատ արձակման և տուն վերադառնալու կարևորության վրա»,-ասել է Զախարովան:
Ռուսաստանում արդիական են համարում ռուս-ադրբեջանական հարաբերությունների շուրջ տեղեկատվական ֆոնի առողջացումը՝ ընդգծելով, որ դա կօգնի հետագա արդյունավետ երկխոսությանը:
Ինչ վերաբերում է Բայրամովի մեղադրանքներին, Զախարովան նշել է, որ Ռուսաստանը հետևողականորեն աշխատում է բոլոր պայմանավորվածությունների շուրջ, ինչի մասին պարբերաբար տեղեկացնում է ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես դիվանագիտական խողովակներով, այնպես էլ կառավարությունների գծով:
«Մեր կողմից դա անում ենք միշտ ընդգծված հարգալից կերպով: Մասնավորապես տեղեկություն ենք փոխանցել ենք 2025 թվականի դեկտեմբերի 9-ին Բաքվում՝ արտաքին գործերի նախարարի տեղակալների մակարդակով խորհրդակցությունների ժամանակ: Ինչպես նաև Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի հետ 2025 թվականի դեկտեմբերի 29-ի և արդեն ընթացիկ տարվա փետրվարի 12-ի հանդիպումների ընթացքում»,-նշել է նա:
Զախարովան ընդգծել է, որ ադրբեջանական կողմի հետ կա փոխըմբռնում, որ այս թեմայով բարձր մակարդակի երկկողմ շփումները մոտ ժամանակներս կշարունակվեն:
Կողմերը նպատակ ունեն լիարժեք կարգավորել բոլոր մնացած հարցերը:
Ռուսաստանի քաղաքացիներին Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են 2025 թվականի հունիսի վերջին։ Հուլիսի 1-ին Սաբայիլի շրջանային դատարանը նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրել չորս ամիս ժամկետով կալանքը։ Հոկտեմբերի 28-ին Խաթայիի շրջանային դատարանի որոշմամբ կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երեք ամսով։ ՌԴ քաղաքացիները մեղադրվում են թմրամիջոցների շրջանառության և կիբեռխարդախության մեջ։