ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում առաջարկել է ժամանակավորապես սառեցնել ուրանի հարստացումը: Այս մասին հայտնում է «Al Jazeera» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրանական բարձրաստիճան աղբյուրին։
«Մեր առաջարկով պնդում ենք, որ ունենք հարստացման ինքնիշխան իրավունք, և առաջարկում ենք ժամանակավորապես՝ սահմանափակ ժամկետով, սառեցնել հարստացումը», - հայտնել է աղբյուրը:
Աղբյուրի համաձայն՝ Իրանն առաջարկում է նաև ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո նվազեցնել ուրանի պաշարները մինչև ցածր հարստացվածի:
Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։
Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ: