ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի - Sputnik. Իրանի շուրջ լարվածության ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետախուզության հետ փակ ճեպազրույց է սկսել:
Ճեպազրույցն անցկացվում է Ժնևում ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների բանակցությունների ֆոնին:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Իրանից դեռևս չի ստացել երբեք միջուկային զենք չմշակելու բաղձալի խոստումը՝ չնայած նման ծրագրերի բացակայության մասին Թեհրանի բազմիցս արած հրապարակային հայտարարություններին:
Թրամփը նաև կոչ է արել Իրանին գործարք կնքել՝ հակառակ դեպքում Հանրապետությանը սպառնալով «վատ օրով»:
Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն Իրանի միջուկային խնդրի շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Իրանական պատվիրակությունը գլխավորում է երկրի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին, ամերիկյանը՝ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտկոֆը: Կողմերը ներկայում աշխատում են հնարավոր պայմանավորվածության մասով առաջարկությունների վրա։
Ներկայում Օմանի միջնորդությամբ Ժնևում ընթանում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երրորդ փուլը:
Ավելի վաղ Օմանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններն ընդմիջում են հայտարարել Ժնևում ընթացող բանակցություններում և քննարկմանը կվերադառնան ավելի ուշ: