ՀՀ–ն և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին Վարշավայում

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Հայաստանն ու Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր ստորագրեցին Վարշավայում։
Փաստաթղթի տակ ստորագրեցին ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը:
Արարողությունը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության՝ Լեհաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում:
Նշենք, որ Լեհաստանը ՆԱՏՕ-ի անդամ է 1999 թվականից և ակտիվ մասնակցում է դաշինքի` հավաքական պաշտպանության և ռազմատեխնիկական համագործակցության ոլորտի նախաձեռնություններին: Հայաստանն իր հերթին ընդգրկված է ՀԱՊԿ–ի կազմում, որը մի քանի հետխորհրդային պետություններ միավորող և հավաքական անվտանգության համակարգի վրա կենտրոնացած ռազմաքաղաքական դաշինք է: Միևնույն ժամանակ 2024 թվականի փետրվարին հայտնի դարձավ, որ Երևանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին:
Փաստաթղթի ստորագրման արարողությունից հետո Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններով հանդես եկան։
Տուսկը շեշտեց, որ Լեհաստանն իրատեսական է համարում ՀՀ քաղաքացիների համար Եվրոպական միության ճանապարհը բացելու տեսլականը։
Փաշինյանն էլ նշեց, որ ԵՄ անդամ դառնալը ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհն է։ Ըստ նրա` Հայաստանում առաջնային խնդիր է երկիրը եվրոպական ստանդարտներին համապատասխանեցնելը։
ՀՀ վարչապետը Տուսկին հրավիրեց Հայաստան` մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը տեղի է ունենալու մայիսին Երևանում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին չբացառեց, որ ՀՀ–ն կարող է դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից, եթե ՀԱՊԿ–ը չպատասխանի Հայաստանի բարձրացրած հարցին` ո՞րն է ՀԱՊԿ–ի պատասխանատվության գոտին Հայաստանում։ ՀԱՊԿ-ը պատասխանեց, որ Հայաստանում իր պատասխանատվության գոտին է համարում երկրի ինքնիշխան տարածքը։ Մայիսի 8-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտնեց, որ Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ–ի գործունեության ֆինանսավորմանը։ Փաշինյանը հունիսի 14–ին Ազգային ժողովում հայտարարեց, որ հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ–ից դուրս գալը:
Իսկ սեպտեմբերի 18-ին Համաշխարհային հայկական համաժողովի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը ՀԱՊԿ–ի հետ հարաբերություններում մոտ է անդառնալի կետին։ Նրա խոսքով` կազմակերպությունը սպառնալիքներ է ստեղծել երկրի ինքնիշխանության համար։
Կրեմլն արձագանքեց Փաշինյանի հայտարարությանը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ընդգծեց, որ ՀԱՊԿ-ից որևէ վտանգ չի բխում, հակառակը` կազմակերպությունը կոչված է պաշտպանելու իր անդամ երկրների ինքնիշխանությունը։
2025 թվականի դեկտեմբերի 27-ին Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո Վլադիմիր Պուտինն ընդգծեց, որ Հայաստանի դիրքորոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, ինչը կազմակերպությունում հարգում են։