Աբիսողոմոնյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցն է քննարկել Ժիլ Կարբոնիեի հետ

ՀՀ փոխարտգործնախարարն ու Կարմիր խաչի փոխնախագահը կարևորել են նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ժնևում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կազմակերպության փոխնախագահ Ժիլ Կարբոնիեի հետ:
Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
«Հետհակամարտային վերականգնման և հաշտեցման ապահովման համատեքստում զրուցակիցներն ընդգծել են բոլոր հումանիտար հարցերի լուծման կարևորությունը: Այս համատեքստում նշվել է Բաքվում պահվող հայ անձանց խնդրի հասցեագրման, ինչպես նաև անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ փետրվարի 5–ին Բաքուն հրապարակել է դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործը» քննվում էր առանձնացված վարույթով։ Փետրվարի 17-ին նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։