ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինական ԱԹՍ–ների հարձակման հետևանքով Բրյանսկի մարզի Վիտեմլյա ավանում երեխա է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը:
«Ուկրաինայի զինված ուժերը կամիկաձե-դրոններով հարձակվել են Պոգարի շրջանի Վիտեմլյա ավանը։ Թիրախավորված ահաբեկչական հարձակման հետևանքով 14 տարեկան երեխա է վիրավորվել»,- գրել է նա տելեգրամյան ալիքում։
Բոգոմազը հավելել է, որ չնայած կրկնակի հարձակման վտանգին` Վիտեմլյայի վարչական ղեկավար Եվգենի Վերեմյովը երեխային դուրս է բերել դեպքի վայրից և հանձնել շտապօգնության բրիգադին։
«Տղան տեղափոխվել է հիվանդանոց, նրան ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն», - նշել է մարզպետը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։