ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Սմոլենսկի մարզում գտնվող «Դորոգոբուժ» ձեռնարկության 4 աշխատակից զոհվել է, 10-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Վասիլի Անոխինը։
«Այս գիշեր Սմոլենսկի մարզը հարձակման է ենթարկվել թշնամու անօդաչու թռչող սարքերի կողմից։ Ցավոք, խաղաղ բնակիչների թվում զոհեր կան։ Հարձակման է ենթարկվել «Դորոգոբուժ» քաղաքացիական խաղաղ ձեռնարկությունը։ Ձեռնարկության 4 աշխատակից ողբերգական մահ են ունեցել մասնագիտական պարտականությունները կատարելիս։ 10 մարդ վիրավորվել է», – ասել է Անոխինը Telegram– ալիքում հրապարակած տեսաուղերձում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։