Մայր աթոռի և վեհափառի դիրքերն ամրապնդելու համար պետք է ստեղծել սինոդականություն. Մաշալյան

Տեր Սահակ Բ սրբազան պատրիարքի կարծիքով՝ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Թուրքիայի Հայոց նորին ամենապատվություն տեր Սահակ Բ սրբազան պատրիարքն Ավստրիայում գումարված Եպիսկոպոսաց ժողովին առաջարկել է ստեղծել սինոդականություն՝ Մայր աթոռի և վեհափառ հայրապետի դիրքերն ամրապնդելու ուղղությամբ, ինչպես նաև հստակեցնել ազգային-եկեղեցական ժողովի գումարման օրը: Այս մասին հայտարարություն է տարածել Պոլսո հայոց պատիրաքարանը: Պատիրարքը Մայր աթռից դուրս եպիսկոպոսաց ժողով հրավիրելն արդեն խնդրի վկայություն է որակել:
«Սփյուռքից շատ ավելի հստակ երևացող այս հակակաթողիկոսական քաղաքական արշավի դեմ, սփյուռքի գրեթե բոլոր եկեղեցիների հետ միասին, մենք ևս եկեղեցական միության ու զորակցության կոչ ուղղեցինք Նորին սրբություն վեհափառ հայրապետին: Այսպիսի ճգնաժամային և ալեկոծ վիճակներում ամենակարևորը համարեցինք եկեղեցական կարգապահության ապահովումը նվիրապետական շարքերում՝ առանց խուճապի մատնվելու և պահպանելով սառնասրտությունը: Մասնավորապես պաշտպանեցինք Նորին սրբություն Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի դիրքն ու անձեռնմխելիությունը, մինչև որ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը հստականա քաղաքական ընտրությունների որոշումով: Իսկ կաթողիկոսի կարգավիճակը վերաճշտելու միակ անառարկելի համաեկեղեցական կառույց մատնանշեցինք Ազգային-եկեղեցական ժողովը»,- նշել է պատրիարքը:
Սահակ Բ Մաշալյանը նկատել է, որ խնդիրը խորանում է, իսկ Գերագույն հոգևոր խորհուրդը հեղինակազրկվել է: Պատիրարքը լուծումներ է առաջարկել:
Նրա խոսքով՝ Եպիսկոպոսաց ժողովը կարող է ընտրել տասներկու ավագ եպիսկոպոսների, որպեսզի այս շրջանում Մայր աթոռի կառավարման գործում նեցուկ լինեն վեհափառ տիրոջը:
«Հապճեպ ու ջղագրգիռ որոշումները պատճառ են դառնում, որ հակամարտությունը հետզհետե խորանա ու թնճուկային վիճակ ստանա: Այդպիսին էր Գևորգ սրբազանի կարգալուծության որոշումը: Պատշաճը համբերելն էր մինչև այս եպիսկոպոսների ժողովը, և այստեղ քննարկվեր Գևորգ և մյուս ընդդիմադիր սրբազանների վիճակը: Վեհափառ հայրապետն այս շրջանում ունի հեղինակավոր ժողովականության կարիք, որն իրեն սառնասրտություն և խոհեմություն կներշնչի. դա սինոդականությունն է՝ իր կազմում ներգրավելով նաև որոշ ընդդիմադիր եղբայրների: Այս սինոդական դրույթը կարող է հիմք նախապատրաստել կառավարության հետ ելք որոնելու և գտնելու ուղղությամբ: Վեհափառ հայրապետի մտքում միշտ եղել է այսպիսի կառույց հիմնելը, անձամբ գիտեմ, բայց այս գաղափարը երբեք կյանքի չի կոչվել»,- նշել է նա:
Մաշալյանի կարծիքով` եթե Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն չգնա այս ճանապարհով, կարող է թուլանալ նրա հեղինակությունը: Նա հավելել է, որ արդեն իսկ պետք է հստակ լինի, թե Ազգային-եկեղեցական ժողովը երբ է կայանալու:
Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում կայացել է Եպիսկոպոսաց ժողովը, որին Ամենայն հայոց կաթողիկոսը մասնակցել է հեռավար տարբերակով։