Սիրիայի իրավազորությունն է. ՀՀ ԱՆ-ն տեղյակ չէ փոխանցված վարձկանների գտնվելու վայրի մասին

Նախարարությունը հայտնել է, որ վարձկաններին Դամասկոսին հանձնելուց հետո պատժի հետագա կրման հետ կապված հարցերը գտնվում են սիրիական իշխանությունների իրավասության ներքո:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի, Sputnik- Դավիթ Գալստյան. Հայաստանի արդարադատության նախարարությունը, փաստորեն, տեղյակ չէ Դամասկոսին հանձնված սիրիացի վարձկանների գտնվելու վայրի մասին։
Հունվարի 14-ին Հայաստանի իշխանությունները Թուրքիայի միջոցով Սիրիային են հանձնել ցմահ դատապարտված երկու սիրիացի քաղաքացիների՝ Մուհրաբ Մուհամմադ ալ-Շխերիին և Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին՝ դա բացատրելով վերջիններիս հետագա պատիժը հայրենիքում կրելով:
Sputnik Արմենիան հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ հետաքրքրվելով.
1) շարունակու՞մ են, արդյոք, նրանք կրել պատիժը,
2) Եթե այո, ապա որտե՞ղ/ո՞ր քրեակատարողական հիմնարկում:

Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ «նշված անձանց փոխանցումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Սիրիայի Արաբական Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատժի մնացած մասը կրելու նպատակով>:

Գերատեսչությունը նաև հայտնել է, որ «փոխանցումից հետո պատժի կատարման կազմակերպումը և դրա ընթացքը գտնվում է ընդունող պետության իրավասու մարմինների իրավազորության ներքո:
Փոխանցման ընթացքի և դրա շուրջ ծագած հարցերի մասին առավել մանրամասն՝ Sputnik Արմենիայի նախորդ նյութում: