Պապոյանը բացատրել է, թե ինչու են ՀՀ–ում բարձրացել բենզինի գները

Ըստ նախարարի տվյալների` մինչև ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան ռեգուլյար տեսակի բենզինը 500–520 դրամով էր վաճառվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում բենզինի գները բարձրացել են, քանի որ Ադրբեջանից ներմուծած բենզինը վերջանում է։ Այդ մասին այսօր ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով բենզինի գների որոշակի բարձրացմանը։
Նշենք, որ ՀՀ–ում ռեգուլյար տեսակի բենզինն այս պահին վաճառվում է 440 դրամով, պրեմիումը` 460 դրամով։
«Հենց ադրբեջանական բենզինը գալիս է 430 դրամով, շատ արագ սպառվում է. ինչքան շատ ենք բերում, այնքան արագ է սպառվում, մարդիկ արագ գնում առնում են։ Հենց ադրբեջանական բենզինը վերջանում է, բենզինի մյուս տեսակներն արագ թանկանում են։ Դրանից հետևություն, որ ադրբեջանական բենզին պետք է շատ բերենք, որ միշտ շատ էժան լինի բենզինը, գները իջնեն»,– նշեց Պապոյանը։
Ըստ նրա տվյալների` մինչև ադրբեջանական բենզինի մուտքը Հայաստան ռեգուլյար տեսակի բենզինը 500–520 դրամով էր վաճառվում։
«Ամեն 10 լիտրի մեջ եթե մարդը խնայում է 750 դրամ, այդ գումարը մարդու գրպանը կծակի՞։ Այդ փողն այն ժամանակ մեր երկրից դուրս էր գնում, հիմա մնում է մեր երկրի ներսում ու այստեղ ծախսվում»,– վստահեցրեց նախարարը։
Լրագրողի հարցին, որ ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` բենզինի նոր խմբաքանակ է գալիս Հայաստան, Պապոյանն արձագանքեց, որ այդ գործը թողել են բիզնեսի վրա` իրենք փողը փոխանցելու են, բենզինը ստանան ու մատչելի գնով դա վաճառեն այստեղ։
«Դա մի պրոցես է, որին մենք չենք միջամտում»,– հավաստիացրեց նախարարը։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան:
Նշենք նաև, որ Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։