ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանն ակնկալում է, որ Կիևին միջուկային տեխնոլոգիաների հնարավոր փոխանցման մասին տվյալների հրապարակումը կխոչընդոտի այդ ծրագրերի իրականացումը։ Լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան պատրաստվում են Ուկրաինային միջուկային զենք փոխանցել։ ԱՀԾ–ի տվյալներով՝ դիտարկվում է մի սցենար, ըստ որի` Կիևը կկարողանա հավակնել մարտական գործողությունների ավարտի ավելի շահավետ պայմանների՝ ունենալով ատոմային կամ այսպես կոչված «կեղտոտ» ռումբ։
«Հուսանք, որ այս հետախուզական տվյալների ճիշտ ժամանակին հրապարակումը, այնուամենայնիվ, խոչընդոտ կհանդիսանա այս խելագար, բացարձակ ցնդած ծրագրերի իրականացման ճանապարհին»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան տեղեկություններ ունեն, և դրանք մերկապարանոց չեն։
«Մեզ համար գլխավորն այն տվյալներն են, որոնց տիրապետում են մեր հատուկ ծառայությունները։ Եվ հաշվի առնելով մինչ այժմ տեղի ունեցած իրադարձությունների փորձը` կարելի է բավականին մեծ վստահությամբ ենթադրել, որ դա հենց այդպես է, հենց նման սպառնալիք եղել է»,- նշել է նա։
Մեկնաբանելով Փարիզի և Լոնդոնի հայտարարությունները, որոնք հերքում են Կիևին միջուկային տեխնոլոգիաներ փոխանցելու մտադրությունը` Պեսկովն ասել է` տվյալ դեպքում տարօրինակ կլիներ ենթադրել, թե նրանք միաբերան կհաստատեն դա։