Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստի ժամանակ ապացույցներ ուսումնասիրվեցին

Հաջորդ նիստերի ժամանակ կհարցաքննվեն մեղադրյալներ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյանի գործով ապացույցներ ուսումնասիրվեցին: Այս փուլում հետազոտվեցին տեսաձայնագրությունները: Ներսիսյանների փաստաբան Սմբատ Մինասյանը տեսաձայնագրությունները դիտելուց հետո դատարանում հայտարարեց, որ գործով վկայի ցուցմունքը փաստացի հերքվեց:
Նշենք, որ նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։
«Տեսանյութով տեսանք` երբ է Համբարձում Ներսիսյանին պատկանող «Toyota մակնիշի մեքենան մտնում բակ և դուրս գալիս: Փաստվեց, որ բակից դուրս գալն ու վերադառնալը տևել է մոտ 30 րոպե, և մեքենան բակում վերջնական կայանվել է մինչև քարոզարշավի սկսվելը: Դատարանի ուշադրությունը հրավիրում եմ այդ հատվածի վրա, քանի որ որոշ անձինք ցուցմունք տալիս ասել են, թե այդ մեքենան քարոզարշավի ժամանակ պտտվել է գյուղով: Վկա Գառնիկ Ղազարյանն իր ցուցմունքում ասում էր, թե իբր ենթադրյալ միջադեպի ժամանակ այդ մեքենան տեսել է բակում, սակայն տեսագրությամբ հերքվեց այդ հանգամանքը»,– ասաց Մինասյանը:
Այսօրվա նիստն ավարտվեց: Հաջորդ նիստերի ժամանակ կհարցաքննվեն մեղադրյալներ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները:
Գարեգին Երկրորդի եղբոր և եղբորորդու՝ Գևորգ Ներսիսյանի և Համբարձում Ներսիսյան գործով հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 23-ին՝ 16:00-ին, ինչպես նաև ապրիլի 6-ին՝ ժամը 16:00-ին։
Հիշեցնենք` Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը` Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին` Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվեցին նոյեմբերի 2-ին: Նրանց մեղադրում են խուլիգանության և քարոզչությունը խոչընդոտելու մեջ։ Ըստ փաստաբան Արա Զոհրաբյանի` Համբարձում Ներսիսյանը նոյեմբերի 1-ին` ժամը 14:40-ի սահմաններում, կանգնած է եղել իր տան դարպասի դիմաց, նրան մի մարդ է մոտեցել և առաջարկել է մասնակցել «Հանրապետություն» կուսակցության` ժամը 16:00-ի հանդիպմանը: Համբարձում Ներսիսյանը հրաժարվել է, այդ մարդը փորձել է համոզել, խոսել են, այնուհետև մոտեցել է Համբարձումի հայրը՝ Գևորգ Ներսիսյանը, երեքով խոսել են և խաղաղ բաժանվել:
Կաթողիկոսի եղբայրն ու եղբորորդին կալանավորվեցին նոյեմբերի 3-ին։ Նոյեմբերի 29-ին նրանց կալանքը երկարաձգվեց 3 ամսով։ 2026 թվականին փետրվարի 17-ին դատարանը փոխեց նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կիրառելով տնային կալանք և գրավ: