ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Հունգարիան և Սլովակիան այսօր Եվրահանձնաժողովում նավթի հարցով հանդիպման ժամանակ հայտարարել են, որ սկսել են օգտագործել նավթի ճգնաժամային պաշարները։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ԵՀ ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը:
«Ե՛վ Հունգարիան, և՛ Սլովակիան հաստատել են, որ սկսել են բաց թողնել իրենց պահեստային նավթը։ Բոլոր անդամ պետություններն այդպիսի պաշարներ ունեն հենց նման իրավիճակները հաղթահարելու համար», - ասել է նա Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ` մեկնաբանելով Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումների դադարեցման հետ կապված իրավիճակը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ նման պաշարները երկրներին կբավարարեն 90 օր։