Հայաստանը և Ռուսաստանը Վրաստանի տարածքով փորձնական փոխադրումներ են ծրագրել. «ATI.SU»

Պարզեցված տարանցիկ փոխադրումն անհնար է, քանի դեռ սահմանները մանևրելու հնարավորություն չեն տալիս։ Ակնկալվում է, որ նավիգացիոն կնիքները կվերացնեն այս խնդիրը, նշում է «ATI.SU» միջազգային լոգիստիկ հարթակի հայկական ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը և Հայաստանը նախատեսել են Վրաստանի տարածքով տարանցման ժամանակ նավիգացիոն կնիքների օգտագործման փորձնական նախագիծ իրականացնել։ Փորձարկումը կտևի հունիսից մինչև նոյեմբեր և կներառի առնվազն 100 երկկողմանի փոխադրում։ Այս մասին հայտնել է «ATI.SU» միջազգային լոգիստիկ հարթակի հայկական ներկայացուցչության տնօրեն Սերգեյ Մկրտչյանը։
2025 թվականի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել էր, որ բեռների վերահսկման համար նախատեսված նավիգացիոն կնիքները, որոնք ԵԱՏՄ-ում սկսել են օգտագործվել փետրվարի 1-ից, Հայաստանում դեռ չեն գործում։
Հիմնական պատճառն այն է, որ հարևան Վրաստանի գործընկերների հետ դեռ համաձայնություն չկա կնքված տրանսպորտային միջոցների անցման վերաբերյալ (քանի որ Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ սահման չունի):
«ArmGPS» տրանսպորտի արբանյակային մոնիթորինգի ընկերության ընդգրկումը ԵԱՏՄ օպերատորների խմբում թույլ է տալիս հայ փոխադրողներին գործել Միության միասնական թվային ցանցի շրջանակներում։ Սակայն պարզեցված տարանցումն անհնար է, քանի դեռ սահմանները մանևրելու հնարավորություն չեն տալիս։ Հայաստանը ԵԱՏՄ մյուս պետությունների հետ ընդհանուր սահման չունի. Ռուսաստան բեռները գնում են Վրաստանի տարածքով։ Ակնկալվում է, որ նավիգացիոն կնիքները կլուծեն այս խնդիրը», – նշել է Մկրտչյանը։
Նա նաև հավելել է, որ Եվրասիական միությունը Հայաստանի արտաքին առևտրում մոտ 37% (ավելի քան 34% բաժին է հասնում Ռուսաստանին) է կազմում: ԵԱՏՄ պետությունների միջև տնտեսական կապերի խորացումը և միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացումը, որոնք հանրապետությանը հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային մատակարարման շղթաներին, սկզբունքորեն նոր մոտեցումներ են պահանջում փոխադրումների կազմակերպման հարցում:
ԵԱՏՄ անդամ պետությունները լոգիստիկայի համար թվային ենթակառուցվածք են ձևավորում` էլեկտրոնային հերթեր, թվային լուծումներ, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառություն։ Հայաստանն այս առումով առաջատարներից մեկն է. մաքսային ընթացակարգերն արդեն ավտոմատացված են, ներմուծողներն ու արտահանողները հայտարարագրեր են ներկայացնում առցանց՝ պետական ծառայությունների ազգային պորտալի միջոցով, վավերացնում դրանք էլեկտրոնային ստորագրությամբ և ստանում փաստաթղթերը՝ առանց անձամբ մաքսային ծառայություն այցելելու, փաստորեն գործելով «մեկ պատուհանի» մոդելով։
Պարտադիր նավիգացիոն կնիքները կարող են ոլորտի ավտոմատացման հարցում հերթական փուլը դառնալ։ Կարելի է առանձնացնել հինգ ուղղություն՝
1.
Տեխնոլոգիայի նկատմամբ վստահության աճ։ Նավիգացիոն կնիքները, ըստ էության, բեռների վերահսկումը վերածում են ԵԱՏՄ-ի միասնական ՏՏ–միջավայրին ինտեգրված թվային ծառայության։
2.
Հետաքրքրություն առցանց հետևող համակարգերի նկատմամբ՝ տելեմատիկայի, ջերմաստիճանի տվիչների, վառելիքի վերահսկման և մատակարարման ժամանակացույցերի հետագա լրացմամբ։
3.
Էլեկտրոնային փաստաթղթերին անցնելու գործընթացի արագացում։ Նավիգացիոն կնիքների գործարկումը համընկնում է ԵԱՏՄ-ի կողմից համընդհանուր էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ուղղվածության հետ։
4.
Վերլուծությունների յուրացում։ Հաջորդ քայլը տվյալ կնիքների և պետական տեղեկատվական համակարգերի ինտեգրումն է կորպորատիվ TMS-ի (Փոխադրումների կառավարման համակարգ), WMS-ի (Պահեստների կառավարման համակարգ) և ERP-ի (Ձեռնարկության ռեսուրսների կառավարման համակարգ) հետ։
5.
Լոգիստիկ հարթակների թվային գործիքների պահանջարկ։ Ազգային օպերատորների տեղեկատվական համակարգերը բիզնեսներին «միասնական պատուհան» են տրամադրում՝ ԵԱՏՄ տարածքում երթուղիներին հետևելու և ծառայությունների դիմաց վճարելու համար։
Նավիգացիոն կնիքը բազմակի օգտագործման սարք է, որը գործում է GLONASS/GPS արբանյակային համակարգի հիման վրա, որն ամրացվում է բեռնատարի, վագոնի կամ կոնտեյների դռանը: Բոլոր տվյալները հասանելի են ինչպես Միության երկրների վերահսկող մարմիններին, այնպես էլ բեռի սեփականատիրոջը: Ցանկացած ոչ պլանային իրադարձության դեպքում՝ կոտրելու փորձ, լարի կտրվածք կամ ազդանշանի կորուստ, կնիքն անմիջապես ահազանգ է ուղարկում: Լրացուցիչ առավելություն է ապահովագրավճարների ակնկալվող կրճատումը. ապահովագրողները ստանում են ռիսկերի ավելի ամբողջական պատկեր և կարող են ավելի ճշգրիտ գնահատել դրանք:
Ավելի վաղ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ տնտեսությունը «սպիտակեցնելու» աշխատանքի շրջանակներում Ռուսաստանը խստորեն կպաշտպանի իր ներքին շուկան անբարեխիղճ ներմուծումից, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների տարածքից։