ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը կշարունակի կալանքը կրել քրեակատարողական հիմնարկում։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը: Ցավոք Վազգենը կշարունակի մնալ բանտում...»,- գրել է Բաբայանը։
Հիշեցնենք` դիմակավորված ուժայինները նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժեցին «Իմնեմնիմի» հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ և ձերբակալեցին նրանց։ Դրանից հետո «Անտիֆեյքի» գրասենյակում խուզարկություններ իրականացվեցին, առգրավվեց ամբողջ տեխնիկան։
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի վիրավորանքին արձագանքելու համար։ Նրանք մեղադրվում են «Խուլիգանություն՝ հաղորդակցման միջոցների օգտագործմամբ» հոդվածի հատկանիշներով։ Ավելի ուշ Սամսոնյանն ու Սաղաթելյանը կալանավորվեցին։
Հավելենք, որ «Իմնեմնիմի» հաղորդաշարի համահեղինակ Նարեկ Սամսոնյանի խափանման միջոց կալանքը փետրվարի 19-ին փոխարինվել է տնային կալանքով։