Լիբանանի բանակում հրամայվել է իսրայելական գնդակոծությունների դեպքում պատասխան կրակ բացել

Բանակի հրամանատարությունը կարգադրել է ուժեղացնել Սարդա-Մարջայուն շրջանի հենակետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Լիբանանի բանակի հարավային սահմանին գտնվող հենակետը գնդակոծվել է Իսրայելի կողմից, զինվորականներին հրահանգվել է հարձակումների կրկնության դեպքում պատասխան կրակ բացել: Այս մասին ասվում է Լիբանանի բանակի հրամանատարության այսօր տարածած հայտարարության մեջ:
Լիբանանի բանակի հրամանատարության տվյալներով՝ զինծառայողների կողմից Սարդա-Մարջայուն շրջանի հարավային սահմանին դիտակետի տեղադրման ժամանակ Իսրայելը գնդակոծել է տեղանքը, միաժամանակ՝ իսրայելական դրոնը թռել է ցածր բարձրության վրա:
«Բանակի հրամանատարությունը հրահանգել է ուժեղացնել դիրքը, մնալ տեղում և պատասխանել կրակին», - ասվում է հայտարարության մեջ:
Լիբանանի բանակի հրամանատարության տվյալներով՝ իրավիճակին հետևում են ռազմական գործողությունների դադարեցման համաձայնագրի վերահսկողության կոմիտեի և Հարավային Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի ղեկավարության (Unifil) հետ համակարգմամբ:
Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերը ձևավորվել են 1978 թվականի մարտին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի №425 և №426 բանաձևերով: Ներկայում խաղաղապահ զորակազմի թիվը, որոնք 48 երկրների զինծառայողներ են, գերազանցում է 10 հազարը: