55-ամյա կնոջը կալանավորել են գրառման համար, որում եղել է Փաշինյանի անունը. Սուրենյանց

Քաղաքագետի դիտարկմամբ՝ նախընտրական շրջանում նման գործելակերպը ցույց է տալիս, որ իշխանությունն այլևս վստահ չէ հանրային աջակցության հարցում, գործի է դնում վախի մեխանիզմը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի – Sputnik․ Ախուրյանում 55-ամյա տնային տնտեսուհուն մեկ ամսով կալանավորել են ֆեյսբուքյան գրառման մեջ իբրև «բռնության կոչ» պարունակելու մեղադրանքով։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնում է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության քաղաքական խորհրդի նախագահ, քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով` սա ի ցույց է դնում Հայաստանում խորացող վտանգավոր միտումը՝ խոսքի քրեականացումը որպես պետական գործելակերպ. վարույթ է նախաձեռնվել ոչ թե գործողության, այլ արտահայտած կարծիքի, մտքի համար։
Սուրենյանցի տեղեկություններով՝ գործը հիմնված է ոչ թե գրառման, այլ մասնավոր նամակի սքրինշոթի (նկարի) վրա։ Ավելին՝ կալանավորված կնոջ պնդմամբ՝ կեղծ էջի միջոցով է դա արվել, ինչն այս գործն ավելի խնդրահարույց է դարձնում։
«55-ամյա, սոցիալական առումով խոցելի և հանրային վտանգավորությամբ չբնութագրվող կնոջը ձեռնաշղթաներով դատարան տեղափոխելը չի բխում ո՛չ համաչափության, ո՛չ անհրաժեշտության սկզբունքներից։ Սա ցուցադրական պատիժ է՝ ուղղված ոչ թե կոնկրետ անձին, այլ հասարակությանը։ Ուղերձը հստակ է` յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել նույն իրավիճակում»,- ընդգծել է Սուրենյանցը։
Նրա կարծիքով՝ այս գործի քաղաքական ենթատեքստն առավել քան ակնհայտ է՝ հաշվի առնելով, որ այն տեղի է ունենում ընտրական գործընթացների նախաշեմին։ Ըստ նրա՝ համեմատական և միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման գործելաոճը բնորոշ է այն փուլերին, երբ իշխանությունն այլևս վստահ չէ հանրային աջակցության առկայության հարցում, ուստի գործի է դրվում վախի մեխանիզմը։
«Էական հանգամանք է նաև այն, որ գրառման մեջ օգտագործվել է Նիկոլ Փաշինյան անունը։ Երբ պետական բարձրագույն պաշտոն զբաղեցնող անձը փաստացի վերածվում է քաղաքացու խոսքից «պաշտպանվող սուբյեկտի», խոսքի ազատությունը դադարում է գործել որպես անօտարելի սահմանադրական իրավունք և վերածվում է իշխանության կամքից կախված պայմանական արտոնության»,– գրել է քաղաքական վերլուծաբանը։
Սուրենյանցը շեշտել է՝ նման գործերով հետևողականորեն քայքայվում են իրավական պետության հիմքերը։ Քաղաքացին, որը գիտակցում է՝ կարող է զրկվել ազատությունից ոչ թե արարքի, այլ արտահայտված մտքի համար, դադարում է պետությունն ընկալել որպես իրեն պաշտպանող ինստիտուտ։