ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իրանի հարավային ափերի և Պարսից ծոցում իրանական կղզիների պաշտպանության վարժանքներ է անցկացնում: Այս մասին հայտնում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։
«Հաշվի առնելով սպառազինության գործողության հեռահարությունը և նոր համակցված մարտավարությունը՝ տարբեր մակարդակներում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ վերահսկվող կրակի մշակումը «Մեդինա» ռազմական օկրուգի տարածքներում ԻՀՊԿ ցամաքային զորքերի համատեղ անցկացված զորավարժությունների առանձնահատկություններից է», - ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով այն հարցին, թե նախատեսում է արդյոք սահմանափակ հարվածներ հասցնել Իրանին, հայտարարել է, որ դիտարկում է նման հնարավորություն: Ընդ որում, Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը ԱՄՆ-ի կողմից նույնիսկ «սահմանափակ հարվածը» կդիտարկի որպես ագրեսիայի ակտ: