ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի - Sputnik. Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մսուր-մանկապարտեզի նախկին տնօրեն և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանը վերանշանակումից ընդամենը 2 աշխատանքային օր անց ձերբակալվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից` հավելելով, որ Դանիելյանը մեղադրվում է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափերով կաշառք ստանալու համար։
Մանկապարտեզի սաների ծնողներն էլ հայտնեցին, որ տնօրենի պաշտոնակատարին իրավապահների ուղեկցությամբ դուրս են բերել մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։
Նշենք, որ մանկապարտեզում հայտնաբերված չարաշահումների փաստով քրեական վարույթը, որով անցնում էր նաև տնօրենը նախաձեռնվել էր դեռ 2024թ–ի հունիս–հուլիսին ու մինչ օրս գտնվում է նախաքննության փուլում։
Տեղեկանալով քրեական գործի հարուցման մասին` Ռուզաննա Դանիելյանը 2024թ–ի հունիսի 28-ին դիմում է ներկայացնում Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարին՝ իրեն հուլիսի 6-ով աշխատանքից ազատելու վերաբերյալ: Օրեր անց փոշմանում է ու նոր դիմում ներկայացնում, որտեղ վարչական շրջանի ղեկավարին խնդրում է իր` աշխատանքից ազատվելու դիմումը թողնել անկատար։ Բայց համայնքի ղեկավարը հուլիսի 4-ի հրամանով ազատում է Դանիելյանին տնօրենի պաշտոնից։
Հուլիսի 25-ին աշխատանքից ազատված տնօրենը դիմում է դատարան` պահանջելով վերականգնել իրեն նախկին աշխատանքում ու փոխհատուցել հարկադիր պարապուրդում գտնվելու ամբողջ ժամանակահատվածի աշխատավարձը։
2025թ–ի հունիսի 23-ին Վճռաբեկ քաղաքացիական դատարանը վերջնական դատական ակտով բավարարում է տնօրենի հայցը, իսկ 2026թ–ի փետրվարի 19-ին Շենգավիթի արդեն ներկայիս ղեկավարը` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Տիգրան Գաբրիելյանը, վերանշանակում է Ռուզաննա Դանիելյանին` որպես տնօրենի պաշտոնակատար։
Տեղեկանալով, որ երեխաներին հատկացված սնունդը յուրացնելու, կաշառք ստանալու և կեղծ ձևակերպված հաստիքների աշխատավարձերի յուրացման դրվագներով անցնող Դանիելյանը վերադարձվել է մանկապարտեզ, ծնողները նույն օրը գնում են նախակրթարան ու պահանջում, որ նա հեռու մնա երեխաների հետ աշխատանքից` մինչև նախաքննության ավարտն ու դատարանի կողմից վերջնական ակտի կայացումը։
Մանկապարտեզի 2 սաների մայրիկ Սոնա Անանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց, որ ժամանակին ծնողներն իրենք են բացահայտել, որ մանկապարտեզի նկուղում որոշակի քանակով սնունդ է եղել պահված։ «Թռչնամիս է եղել, ուրիշ ինչ-որ բաներ են եղել, որոնց հետ կապված նկարներ և տեսանյութեր կան։ Եվ այդ ժամանակ նույնիսկ տիկին Դանիելյանն էլ լրատվամիջոցներին իր հարցազրույցում հաստատել, որ գողոն են գտել նկուղում, որի հետ կապված ինքը տեղեկություն չունի։ Այսինքն՝ տիկին Դանիելյանն էլ է փաստել, որ այդ պրոցեսները տեղի են ունեցել, որից հետո ծնողները, փորձել են հասկանալ` իրականում ինչ է տեղի ունենում, և ամբողջ այդ ինֆորմացիան փոխանցել են քաղաքապետարանի, թաղապետարանի համապատասխան բաժիններին»,– ասում է մեր զրուցակիցը։
Ծնողի պնդմամբ` իրենց նպատակն է` ի վերջո հասկանալ՝ գողություն եղե՞լ է, թե՞ չի եղել, և տիկին Դանիելյանը դրան մասնակից եղե՞լ է, թե՞ ոչ։
«Երբ տիկին Դանիելյանը ուրբաթ օրը վերադարձել էր աշխատանքի, ես ինքս եմ իրեն հարց ուղղել. «Լինելով իմ տեղը, երբ կա այդքան ինֆորմացիա և չկա իրավական գնահատական, դուք ինչպե՞ս կվարվեիք։ Տիկին Դանիելյանը, անկեղծ, այդ պահին խոսք չգտավ ինձ ասելու, ուղղակի լռեց»,– ասում է Սոնա Անանյանը` հավելելով, որ ծնողները մանկապարտեզ եկած տնօրենից նաև հետաքրքրվել են` եթե ինքն անմե՞ղ էր ու չարաշահումների, երեխաների սննդի գողության մասին ինքն էլ էր բացահայտման արդյունքում իմացել, ինչո՞ւ չի դիմել իրավապահներին։ Տիկին Դանիելյանը պատասխանել է, թե չգիտեր, որ կարող էր դիմել ոստիկանություն։
«Մենք հասկանում ենք, որ մեր բալիկների վրա անմիջականորեն կարող է ազդել մանկապարտեզում ստեղծված վիճակը։ Չէ՞ որ կան աշխատողներ, որոնք տնօրենի դեմ գործի ընթացքում ցուցմունք են տվել, կան մարդիկ, որ պաշտպանում են նրան։ Մենք ուզում ենք, որպեսզի իրավապահ համակարգը էս պահին մի փոքր ավելի արագ գործի, պրոցեսն ավելի արագ տեմպերով լինի, և ի վերջո ծնողները ստանան պատասխան՝ ի՞նչ է եղել այդ ժամանակ, իմանան իրենց երեխաներին տանեն պարտեզ, թե չտանեն»,– ասում է մտահոգ մայրիկը։
Այսօր արդեն ծնողները վստահ են, որ Ռուզաննա Դանիելյանի ձերբակալությունը նաև իրենց պայքարի ու բարձրացրած աղմուկի արդյունք է։ Հուսով են, որ սայլը տեղից շարժել են, մնում է, որ հետամուտ լինեն արդարության վերականգնմանը։ Իսկ դրա համար հետևելու են նախաքննության ու դատաքննության ընթացքին` իրենց արդեն 2 տարի հուզող հարցերի պատասխանները ստանալու համար։