Սլովակիան դադարեցրել է էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինային. վարչապետ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հայտարարել է, որ այսօրվանից սկսած, եթե Ուկրաինան դիմի էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումների խնդրանքով, նա այլևս նման օգնություն Բրատիսլավայից չի ստանա: Այս հայտարարությունը նա արել է սոցցանցում հրապարակված տեսաուղերձում:
«Այսօրվանից, եթե ուկրաինական կողմը դիմի Սլովակիային` խնդրելով օգնել Ուկրաինայի էներգետիկ ցանցի կայունացման գործում, ապա նման օգնություն նա չի ստանա», – ասել է Ֆիցոն:
Սլովակիայի վարչապետը հայտանել է, որ համապատասխան կարգադրությունները այսօր նա տվել է Սլովակիայի ֆինանսների նախարարի և SEPS պետական ​​ընկերության (Սլովակիայում էլեկտրաէներգիայի փոխանցման համակարգի օպերատոր) ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:
Փետրվարի 21-ին Ֆիցոն հայտարարել էր, որ եթե երկուշաբթի Վլադիմիր Զելենսկին չվերականգնի Սլովակիա նավթի մատակարարումը, Ուկրաինային էլեկտրաէներգիայի վթարային մատակարարումը կդադարեցվի:
Փետրվարի 13-ին Սլովակիայի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ «Դրուժբա» խողովակաշարով Ռուսաստանից Ուկրաինայի տարածքով հանրապետություն նավթի մատակարարումը դադարեցվել է: Գերատեսչությունն ակնկալում էր, որ այն կվերականգնվի առաջիկա օրերին, սակայն դա տեղի չունեցավ։