Նախկինում Հայաստանի ինքնությունը երկու հստակ հայեցակարգ ուներ՝ Ցեղասպանություն և Ղարաբաղ, հիմա բոլոր խաղաթղթերը խառնվել են։ Ռուսաստանցի քաղաքագետ Արթուր Աթաևն այս տեսակետը հայտնեց Sputnik Արմենիայի եթերում` Արման Վանեսքեհյանի «Իրականում» նախագծի շրջանակում։
Այսուհետ ամերիկացիների համար դոկտրինալ առումով Մեծ Մերձավոր Արևելք գոյություն չունի
Նախկինում նույն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առանձնակի հետաքրքրություն չէր դրսևորում Հարավային Կովկասի նկատմամբ։ Աթաևի խոսքով՝ վարչակազմում նույնիսկ մարդ չկար, որ զբաղվեր այս տարածաշրջանով և դրա հետ կապված խնդիրներով։ Իսկ հիմա ամերիկացիների դոկտրինում Մեծ Մերձավոր Արևելք, որպես այդպիսին, այլևս չկա, ահա թե ինչու է ԱՄՆ արտաքին քաղաքականության թիրախում հայտնվել հարավկովկասյան տարածաշրջանը։
Մեկնաբանելով Հարավային Կովկասում ծավալվող մերօրյա «Մեծ խաղը»՝ փորձագետը համարում է, որ գլխավոր գործոններից մեկը Թուրքիան է, որի ազդեցությունն այժմ կտրուկ ուժեղացել է։ Բացի իր հավակնություններից, այս երկիրը հիմա իրական քաղաքական և ռազմական խաղացող է դառնում համաշխարհային աշխարհաքաղաքական քարտեզի վրա։ Այլ պատճառների թվում են Քրդստանի դե-ֆակտո առաջացումը, Սիրիայում Ասադների էլիտայի ճգնաժամը, իրանական հիմնախնդիրը և այլն։
«Այս մասնատումը հանգեցրել է նրան, որ Հարավային Կովկասը դարձել է «մուտքի դուռ», «եռացող կաթսա», որին սևեռված է ամերիկացիների ուշադրությունը։ Սա գիտակցում է նաև Իսրայելը, բավականին վաղուց համոզվել են եվրոպացիները, դե իսկ Ռուսաստանը դա գիտեր դեռ Նիկոլայ I-ի և Ալեքսանդր I-ի ժամանակներից»,- ընդգծում է քաղաքագետը։
30-ից ավելի երկիր, և բոլորն իրենց շահերն ունեն Հարավային Կովկասում
Հարավային Կովկասի տարածաշրջանում բախվում և միախառնվում են շատ պետությունների շահեր, որոնց թվում է նույնիսկ հեռավոր Լեհաստանը կամ, ասենք, Բուլղարիան ու Ռումինիան։ «Աշխարհի ավելի քան երեսուն երկրներ այս «եռացող կաթսան» հռչակել են իրենց շահերի գոտի,-փաստում է Աթաևը,-եթե վերլուծենք արտաքին շահերի և անվտանգության կառույցների վերաբերյալ դոկտրինալ փաստաթղթերը, ապա առաջին հերթին պետք է նշել բրիտանական, անգլո-սաքսոնական ուժերը»։
Թուրքիայի մասին խոսելիս պետք է նկատի ունենալ բրիտանական գործոնը։ Պաշտոնական Անկարայի քաղաքականությունն առաջին հերթին համադրվում է Բրիտանիայի արտաքին քաղաքական վեկտորի հետ։ Մեր զրուցակցի խոսքով՝ հենց Թուրքիան է ներկայացնում անգլո-սաքսոնական շահերը Ադրբեջանում։ Ադրբեջանն իր հերթին մեծ ուշադրություն է դարձնում Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, իսկ ՀՀ–ն բազմավեկտոր քաղաքականություն է վարում, այսինքն՝ բաց է նաև բրիտանական շահերի համար։
«Վրաստանում հիմա շատ բարդ իրավիճակ է. «Վրացական երազանքը» խառնել է եվրոպացիների բոլոր խաղաթղթերը։ Այդ պետության առաջնորդները վաղուց էին ասում, որ եվրոպական վեկտորի վրա խաղադրույք անելն արդյունք չի տվել։ Չի կարելի մոռանալ նաև Իրանի մասին, որը ծանր կացության մեջ է հայտնվել։ Չի բացառվում, որ շուտով այս երկրի ազդեցությունն ու հնարավորություններն արտաքին քաղաքական թատերաբեմում կտրուկ կաճեն»։
Փորձագետներն ու ավելի ու ավելի դժվարությամբ են կարողանում հասկանալ Հայաստանի ազգային մտածելակերպն ու գաղափարական դաշտը
Ինչ վերաբերում է կոնկրետ Հայաստանին, ապա հիմա փորձագիտական հանրության արտաքին տիրույթում, Աթաևի խոսքով, հայկական ինքնության ճգնաժամ է նկատվում։ Նախկինում այն հիմնված էր երկու հստակ հայեցակարգերի վրա՝ Ցեղասպանություն և Ղարաբաղ։ Դրանից էին ելնում մասնագետները՝ հաշվի առնելով «ռեալպոլիտիկի» սկզբունքները։ Դա անհրաժեշտ էր երկրի և ազգային մտածելակերպը հասկանալու համար։
«Ինչպե՞ս մենթալ, պատմական առումով հասկանալ հայկական սոցիումը։ Պարտադիր պետք է կարդալ Ցեղասպանության մասին հիմնական աշխատությունները, դիտել Ցեղասպանության մասին ֆիլմերը, անպայման խոսել այդ մասին, իմանալ ներքին հանրության կարծիքը։ Ու դե Ղարաբաղի մասին։ Սրանք առաջին քայլերն էին, որոնք ազդակ էին տալիս ժամանակակից քաղաքական իրավիճակը և էլիտաների ներքին որոշակի դասավորությունը հասկանալու համար»,- ասաց փորձագետը։
Քաղաքագետի խոսքով` այն, ինչ հիմա կատարվում է քաղաքականության իրական հատվածում, թույլ չի տալիս արտաքին փորձագետներին թափանցել Հայաստանի մենթալ և գաղափարական տիրույթ, թույլ չի տալիս հասկանալ երկրում տեղի ունեցող իրադարձությունների տրամաբանությունը. վարչապետ Նիկոլ Փաշինյանը խառնել է արտաքին փորձագետների բոլոր խաղաթղթերը՝ քաղաքական ասպարեզում հանդես գալով որպես եզակի, անկանխատեսելի տարր։ Հայաստանի համար դա լավ է, թե վատ, առանձին հարց է, բայց, ըստ Աթաևի, սա կողքից հայացք է։
Ավելի վաղ Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի համեմատական քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Վլադիմիր Շապովալովը նշել էր, որ ամերիկացիներն ուզում են Հարավային Կովկասի տարածաշրջանը վերածել ֆորպոստի, որը կկարողանա քանդել հակառակորդների տրանսպորտային միջանցքներն ու լոգիստիկ շղթաները՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ուղի» և ռուս-իրանա-հնդկական «Հյուսիս-Հարավ» նախագծերը։