Կունենանք մեդալներ․ ինչպես է Հայաստանը պատրաստվում հրաձգության առաջնությանը

Եվրոպայի մեծահասակների առաջնության համար շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանի հրաձգության ընտրանին լավ մարզավիճակում է։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
Առաջնությունն անցկացվելու է Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։
«Կունենանք մեդալներ, ուղղակի չգիտեմ` քանիսը ու ինչ գույնի։ Ընդհանուր 26 մասնակից ունենք»,- ասաց Նիկողոսյանը։
Նա նշեց, որ առաջնության համար ամեն ինչ արված է, միայն մի վախ ունի։ Մտածում է, որ օտարերկրացի մարզիկների զենքերի հետ կապված խնդիր չլինի դիմավորելիս և ճանապարհելիս։
Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանն էլ նշեց, որ հավաքականը շատ լավ է պատրաստված։
«Մենք մեր Եվրոպայի կոնֆեդերացիայի գործընկերների շնորհիվ շատ մեծ աշխատանքներ ունեցանք այս միջոցառումն իրականացնելու համար։ Սպասում ենք մեր մարզիկների փայլուն ելույթներին»,- ասաց Հովհաննիսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը վստահեցրեց՝ մեծ ծավալի աշխատանք է արված 40 երկրից պատվիրակությունների ընդունելու համար։ Նրա խոսքով՝ շուրջ 450 մարզիկ և մարզիչ, 150 պատվիրակ է ժամանում Երևան։
Հրաձիգ Հայկ Սարգսյանը դարձել է մինչև 18 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր