ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Իսրայելը ոչ մի իրավունք չունի պաղեստինյան տարածքների կամ արաբական այլ հողերի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը՝ մեկնաբանելով Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հակաբիի հայտարարությունը Մերձավոր Արևելքի տարածքում «հրեական պետության իրավունքի» մասին։
Փետրվարի 20-ին Հակաբին ամերիկացի լրագրող Տակեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, որ Իսրայելը աստվածաշնչյան իրավունք ունի Նեղոս և Եփրատի գետերի միջակայքի հողերի նկատմամբ:
«Իսրայելը ոչ մի իրավունք և ինքնիշխանություն չունի օկուպացված պաղեստինյան տարածքների կամ այլ օկուպացված արաբական հողերի նկատմամբ։ Բարեկամ և եղբայրական արաբական պետությունների ինքնիշխանությանը ուղղված ցանկացած սպառնալիք անօրինական է», - ասված է «Х» ցանցում Չելիքի հայտարարության մեջ։
Նա նշել է, որ Հորդանան գետի Արևմտյան ափի բռնակցման կամ Գազայի հատվածի վերջնական անջատման հնարավոր փորձերը դիտարկվում են որպես «տարածական ցեղասպանություն», իսկ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակեցման ակտիվության ընդլայնումը «որակվում է որպես բացահայտ ագրեսիա»:
Թուրք քաղաքական գործչի տեսանկյունից` միջազգային իրավունքի փոխարինումը կրոնական-մոլեռանդ մեկնաբանություններով կարող է ծանր հետևանքների հանգեցնել Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանի համար: