Հայաստանում հրաձգության մարզադպրոցների խնդիր կա. ի՞նչ քայլեր են արվում ոլորտում

ԿԳՄՍ նախարարությունը հրաձգության ֆեդերացիայի գործընկերների հետ քննարկել է հրաձգության զարգացման հայեցակարգն ու մոտեցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի – Sputnik. Հայաստանում հրաձգության ընդամենը 1 նորմալ գործող մարզադպրոց կա։ Սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը։
«Բազաների առումով մենք խնդիր ունենք։ Երևանում, Գյումրիում, Վանաձորում չկա, մի խոսքով, հուսամ` այս առաջնությունից հետո հրաձգության ոլորտը Հայաստանում կզարգանա»,- ասաց Նիկողոսյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ առաջնությունը կազմակերպելիս այնպես էին պլանավորել, որ առնվազն գույքի մի հատվածը ձեռք բերեն, հետո դրանք ուղղեն ենթակառուցվածքների զարգացմանը։ Նա նշեց` գույք ասելիս նկատի ունի թիրախները, ինչպես նաև այլ սպեցիֆիկ առարկաներ։
Անդրեասյանը հայտնեց, որ տվյալ առաջնության կազմակերպման համար պետությունը 500 մլն դրամ է հատկացրել։ Հենց այդ աշխատանքներում է ներառված նաև գույքը։ Նախարարը հույս հայտնեց, որ սա առաջին քայլը կլինի ոլորտի զարգացման համար։
«Ֆեդերացիայի գործընկերների հետ մենք երկար ենք քննարկել հրաձգության զարգացման հայեցակարգն ու մոտեցումները։ Պետությունը պատրաստակամ է այդ աշխատանքներն իրականացնելու։ Հրաձգությունը շատ կարևոր հմտություններ է զարգացնում, ինչպիսին է ուշադրության կենտրոնացումը, ու սա կարևոր է ոչ միայն մարզաձևով զբաղվողների, այլև առհասարակ անձի ամբողջական զարգացման համար»,- ասաց Անդրեասյանը։
Նա նշեց, որ նախատեսում են նաև դպրոցում «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում առաջ մղել սպորտային հրաձգություն մարզաձևը։
Հիշեցնենք, որ հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունն անցկացվելու է Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։
Կունենանք մեդալներ․ ինչպես է Հայաստանը պատրաստվում հրաձգության առաջնությանը